Լավրովն ու Քերին քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի շուրջ տիրող իրավիճակը՝ Ժնևում փետրվարի 10-ին կայանալիք բանակցությունների համատեքստում, այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Արտաքին գարատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայի շուրջ տիրող իրավիճակը Ժնևում փետրվարի 10-ին վերսկսվող երկխոսության համատեքստում»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Լավրովն ու Քերին քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի քանի արդիական հարցեր:

«Ժնև-2» միջազգային համաժողովի առաջին փուլն ավարտվել է հունվարի 31-ին, և ըստ ՄԱԿ-ի ու Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) սիրիական ճգնաժամի հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի՝ բանակցություններում «առաջընթացը քիչ էր»: Ըստ էության՝ պատվիրակությունները որևէ հարցի վերաբերյալ համաձայնության չեն եկել: Համաժողովի անցկացման նախաձեռնությունը Ռուսաստանինն ու Միացյալ Նահանգներինն էր:

Բանակցությունների երկրորդ փուլը կմեկնարկի փետրվարի 10-ին՝ Ժնևում:

Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Մեկնաբանել