Մեզնից հեռացող սիրո մասին

Ե՞րբ են մարդիկ բաժանվում: Ե՞րբ են ամուսինները դիմում ապահարզանի: Ե՞րբ են երեխաները լքում ծնողներին կամ հակառակը: Բոլոր երբ-երի պատասխանը մեկն է` երբ պակասում է սերը: Չսիրող ընտանիքում խաղաղություն չի լինում: Պարտադրված սեր գոյություն չունի: Նկատե՞լ եք՝ սիրո պտուղը որքան է տարբերվում բռնությամբ կամ պարտադրված կենակցելու արդյունքում առաջացած պտղից: Համեմատելու եզրեր չկան: Բրուտի կողմից սիրով պատրաստած թեյնիկը թեյնիկ է, իսկ փողի համար անհավես ծեփած կավե գունդը` չայնիկ: Ամենադառը սուրճը համեղ է, երբ սիրով է պատրաստվում, սիրով քաշած օղին երբեք չի «գժվացնում»:

Սերը Աստվածային պարգև է, և, երբ սերը վերջանում է, նրա տեղը զբաղեցնում են ատելությունը, արհամարհանքն ու դավաճանությունը: Երբ չկա սեր, հոգին խռովում է, հաճախ չարանում, ատելությունից դառնանում: Մարդը մեկ անգամ է ծնվում և ուզում է երջանիկ ապրել, իսկ երջանկությունը հնարավոր է միայն սիրո առկայության դեպքում: Սերը ոչ միայն խաղաղություն է, այլև խաղաղության համար է: Սերը սերվում է անկախությունից, քանզի անկախությունը սեր է: Սիրո բույնը ընտանիքն է, ծնողքը, հայրենիքը, ոստանը` որտեղ արմատներդ են: Սիրո կռվում պարտություն չի լինում, իսկ երբ սեր չկա, պարտությունն անխուսափելի է:

Արցախյան ազատամարտը սիրո կռիվ էր: Բոլոր նրանք, ովքեր մեկնում էին ռազմաճակատ, սրտներում հայրենիքի սերը կար: Բոլոր նրանք, ովքեր պայքարում էին անկախության համար, պայքարում էին երկրի հանդեպ տածած սիրո համար, երջանիկ ապրելու համար: Սերը զնդաններում էլ սեր է, քարանձավում էլ, մարտի դաշտում էլ: Սիրով իշխանություն ես ընտրում կամ չես ընտրում: Պարտադրանքով ընտրությունից սեր չի ծնվում: Փողով իշխանություն ընտրելը նույնն է, ինչ՝ փողով կրքեր բավարարելը: Եվ բնական է, որ նման «սիրուց» առաջացած պտուղը չի կարող կատարյալ լինել, նույնիսկ՝ քիչ տանելի: Դա է պատճառը, որ հետո առաջանում է ատելություն, արհամարհանք, չարություն: Անհույս մարդը չարությունից վերածվում է անհավատի և հույսի փնտրտուքի մեջ կորցնում է սիրո զգացումը, իսկ պատահական ակտից ծնվածներին, երբ իշխանություն ես վստահում, դառնում են պատուհաս սիրո ծնունդների գլխին:

Ահավասիկ, ամենաթարմ օրինակը` փետրվարի 6-ին խոշոր չափի կաշառք ստանալու պահին ձերբակալված ոստիկանության Նոր Նորքի բաժնի ԱԳԲ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ֆելիքս Մկրտչյանը և նույն բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանն են: Այս մարդիկ վերջերս զբաղվել են Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի հաշվառմամբ ու «դաստիարակությամբ»: Շանթի պայքարը սիրո պայքար է, սեր` հանդեպ իր երկիրը, իր ժողովուրդը: Պայքարի ձևի կամ բովանդակության մասին չեմ ուզում խոսել, քանզի պայքարի իմ պատկերացումները տարբերվում էին Շանթի պատկերացումներից, բայց միայն այն, որ այդպիսի համազգեստավոր սրիկաները կարող են «գառան մորթի» հագած զբաղվել նաև իմ զավակների «դաստիարակությամբ», բավական է, որ իմ մեջ էլ ատելությունը գլուխ բարձրացնի:

Երբ ռազմագիտության ուսուցիչ (մեղա քեզ Աստված) ոմն մայոր Գրիգորյան դպրոցական երեխաներին ասում է, թե մեր ֆիդայիները, Արմեն Հովհաննիսյանը իզուր են զոհվել, որ Ռուսաստանը մեր պապան է, և մենք ստրուկ եղել և ստրուկ էլ լինելու ենք, ակնհայտ է, որ նա ջանք չի խնայում երեխաների հոգուց վանել սերն առ հայրենիք: Իսկ ի՞նչ է հայրենիքը. չէ՞ որ նա լոկ տարածք կամ տարածական միավոր չէ: Հայրենիքը սկսվում է ընտանիքից, որտեղ սեր կա, սկսվում է ծողներից, հարազատներից, քույր-եղբայրներից, գյուղից, քաղաքից, ընկերներից, նաև դպրոցից, որտեղ ի դեպ սողոսկել և դասավանդում են գրիգորյանների պես մարդիկ, սկսվում է թաղից, որտեղ թրև են գալիս համազգեստավոր «օրենքի պաշտպաններ» ֆելիքսներն ու սամվելները, սկսվում է սահմանից, որտեղ պաշտպանական մարտերում արիաբար ընկնում է Արմեն Հովհաննիսյանը, և որի մահը փնովում են նեռի հետևորդները: Որտեղ նեռը կա, այնտեղ չի կարող սեր լինել, իսկ երբ վերջանում է սերը, թագավորում է ատելությունը:

Իսկ ինչի՞ց է առաջանում ատելությունը: Այն առաջացնում են անսեր մարդիկ, ովքեր գնում են իշխանությունը, որոնց համար իշխանավոր լինելը ոչ թե ծառայություն է, այլ արտոնություն, որոնք միայն մեկ նպատակ ունեն` քծնել, իշխել, խաբել, լկտիանալ, ստորացնել, հոռի կյանք վարել և վերևից նայել մարդկանց: Իսկ մարդիկ, ինչպես արդեն ասացի, մեկ անգամ են ծնվում և ուզում են ապրել, իսկ պատվախնդիր մարդիկ` ապրել արժանավայել: Չէ՞ որ դա հնարավոր է: Բայց միայն սիրո պայմաններում: Իսկ երբ անհավատները խլում, հեռացնում են սերը, մարդիկ սկսում են ատել: Եվ այս ամենի մեջ ամենասարսափելին այն է, որ նրանց պատճառով ծնված ատելությունը հետագայում վերածվում է ատելության երկրի, պետականության նկատմամբ: Երկրի սահմանները շարունակում են հսկել պատվախնդիրները, որոնց, ցավոք, հետագայում ևս այցելում է ատելությունը, որից էլ ծնվում է փախուստը, որի անունը կնքել ենք արտագաղթ և հանգիստ խղճով հաշվում ենք:

Մեկնաբանել