Ի՞նչ տեղի կունենար «Նիմֆոմանուհու» հետ ազատ շուկայում

Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունը «թեժ քննարկում» առաջացրեց Հայաստանում, որի արդյունքում «Սինեմա Սթար Դալմա Գարդեն» կինոթատրոնը հայտարարել է, որ հրաժարվել է նախապես հայտարարված ֆիլմի ցուցադրությունից: Հիմնավորումը, որ «Սինեմա Սթար Դալմա Գարդենը» «ընտանեկան տարածք» է, շատ թույլ է. հարց է առաջանում՝ ֆիլմը հայտարարելուց առաջ կինոթատրոնի ղեկավարները տեղյակ չե՞ն եղել, որ այն «ընտանեկան տարածք» է:

Փաստացի մարդկանց մի խմբի պահանջով չի ցուցադրվելու ֆիլմը, իսկ այն մարդիկ, ովքեր ցանկանում էին դիտել ֆիլմը կինոթատրոնում, չեն կարողանալու իրականացնել իրենց ցանկությունը։ Նման որոշումով մարդկանց մի խումբը սահմանափակել է մեկ այլ խմբի՝ ֆիլմ դիտելու հնարավորությունը: Որպեսզի նման սահմանափակումներ չլինեն, անհրաժեշտ է, որ ազատ ու մրցակցային շուկա լինի, որպեսզի որևիցե խումբ չկարողանա սահմանափակել այլ խմբի հնարավորությունը:

Եթե լիներ մրցակցային շուկա կինոթատրոնների ոլորտում, ապա ստեղծված իրավիճակը հիանալի հնարավորություն է այլ կինոթատրոնների համար ֆիլմը ցուցադրելու ու եկամուտներ ունենալու համար: Կինոյի մասին լայն քննարկման արդյունքում կինոթատրոնը ստիպված չէր հավելյալ գումար ծախսել գովազդի համար, որը ևս հավելյալ տնտեսական խթան է կինոթատրոնի համար:

Նման խնդիրներ եղել են նաև Արևմուտքի մի շարք երկրներում, որտեղ մարդկանց մի խումբ սահմանափակել է այլոց հնարավորությունները, սակայն ազատ շուկայի շնորհիվ այդ սահմանափակումները հնարավորություն են ստեղծել ոլորտում գործող բիզնեսների համար, և նրանք իրենց բիզնես շահը հետապնդելով՝ ապահովել են հնարավորություն «ճնշված խմբի» համար:

Ազատ շուկան է այն գլխավոր գործոնը, որը թույլ չի տալիս սահմանափակել այլոց հնարավորությունը։ Եթե մարդու իրավունքների տեսանկյունից նայենք ազատ շուկայական հարաբերություններին, ապա վերջինս կարևոր գործոն է, որպեսզի պաշտպանվի մարդու իրավունքը։ Կան մի շարք իրավունքներ, որոնք ամրագրված չեն որևէ իրավական ակտում, սակայն պաշտպանվում են հենց ազատ շուկայական տնտեսության կողմից։ Ազատ շուկան է տնտեսական խթաններ ստեղծում բիզնեսի համար, որպեսզի վերջիններս մարդկանց համար ապահովեն հնարավորություններ։

Ազատ և մրցակցային շուկան է այն գլխավոր գործոնը, որը թույլ չի տալիս մի խմբին իր մոտեցումները պարտադիր դարձնել այլոց համար: Եթե մրցակցային լիներ շուկան, ու քաղաքական ճնշում չլիներ կինոթատրոնների վրա, ապա հաստատ այդ ֆիլմը Հայաստանում կցուցադրվեր, քանի որ եկամուտ ունենալու բացառիկ հնարավորություն կա։ Իսկ բիզնես տրամաբանությունը հուշում է, որ կինոթատրոնները պետք է օգտվեն այդ հնարավորությունից:

Մեկնաբանել