Բրահիմին ներողություն է խնդրել սիրիացիներից՝ անարդյունք բանակցությունների համար

ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ)՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին ներողություն է խնդրել սիրիացի ժողովրդից՝ Ժնևում անարդյունք ավարտված բանակցությունների երկրորդ փուլի համար, հաղորդում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։
«Ուզում եմ ներողություն խնդրել Սիրիայի ժողովրդից նրա համար, որ չկարողացանք արդարացնել նրանց ակնկալիքները»,- ասել է Բրահիմին:

Բանագանցը նաև հաստատել է, որ սիրիական հակամարտության կողմերը ցանկանում են անցկացնել բանակցությունների երրորդ փուլը, որի օրակարգը կներառի 4 հիմնական հարց։

Ըստ Բրահիմիի՝ Ժնևի բանակցությունների երկրորդ փուլի արդյունքները կքննարկվեն «ՄԱԿ-ՌԴ-ԱՄՆ» ձևաչափով։
«Ես կխոսեմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար հետ: Կարծում եմ, որ մեր գործընկերների հետ ևս անհրաժեշտ է եռակողմ ձևաչափով քննարկել երկրորդ փուլի արդյունքները. հուսով եմ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Ջոն Քերիի ու Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը»,- նշել է բանագնացը։

«Ժնև-2» միջազգային համաժողովի առաջին փուլի ավարտից (հունվարի 31) հետո Բրահիմին հայտարարել էր, որ բանակցություններում «առաջընթացը քիչ էր»: Ըստ էության՝ պատվիրակությունները որևէ հարցի վերաբերյալ համաձայնության չէին եկել:

Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Մեկնաբանել