Իշխանություններին միակ պատասխանը փողոցն է

Կառավարության հրաժարականի հետ կապված խորհրդարանական ուժերի դիրքավորումն ուրվագծվում է։ Գաղտնիք չէ, որ Տիգրան Սարգսյանի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում առանցքային նշանակություն ունի ԲՀԿ-ն, և նրա դիրքորոշումից է կախված, թե ինչ ընթացք կունենա փետրվարի 24-ին մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանը, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, ոչ իշխանական ուժերը պատրաստվում են կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց սկսել:

ԲՀԿ-ական քաղաքական թևի պատգամավորների հրապարակային ելույթներից դատելով՝ որևէ կասկած չկա, որ նրանք պատրաստ են լիարժեք գործունեություն ծավալել հակակառավարական ճակատի շրջանակներում: Սակայն, մյուս կողմից, գաղտնիք չէ, որ մեծությամբ երկրորդ խորհրդարանական ուժի գործողությունները գերակշիռ մասով ուղղորդվում են մեկ մարդու կողմից, և այդ մեկ մարդը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Հաշվի առնելով ԲՀԿ առաջնորդի բիզնես հետաքրքրությունները և կապերը բարձրաստիճան իշխանավորների հետ՝ նրա համար առավել քան դժվար է ճակատային հակամարտության մեջ մտնել գործող իշխանությունների հետ:

Դատելով Ծառուկյանի վերջին ելույթից՝ նա ռուբիկոնն անցնելու որոշակի տրամադրվածություն ունի: Սակայն հաշվի առնելով նախորդ իրադարձությունների փորձը, դժվար է պնդել, որ նա մինչև վերջ կկանգնի Տիգրան Սրագսյանի հրաժարականը պարտադրելու գործի համար: 2013թ. նախագահական ընտրություններից առաջ Ծառուկյանը պատրաստակամություն էր հայտնում պայքարի մեջ մտնել Սերժ Սարգսյանի դեմ։ Մինչև վերջին պահը այդպիսի համոզվածություն կար, սակայն Սերժ Սարգսյանի հետ մեկ հանդիպումը իրավիճակը գլխիվայր շրջեց, և Ծառուկյանը հրաժարվեց պայքարել նախագահական ընտրություններում: Ճիշտ է՝ այժմ նախագահի խնդիր չէ, այլ վարչապետի, բայցևայնպես գործող վարչապետը Սերժ Սարգսյանի իշխանության առանցքային ֆիգուրներից, որի հեռացումը կարող է դառնալ գործող իշխանությունների վերջի սկիզբը:

Այս առումով ԱԺ առաջիկա նստաշրջանը վճռորոշ է լինելու: ԲՀԿ վերջին համագումարում Ծառուկյանի ելույթը կոնկրետ թեմաների հետ կապված սուր հակադրության մեջ էր գործող իշխանությունների տեսակետների հետ: Խոսելով պարտադիր կուտակային կեսնաթոշակային համակարգի մասին՝ ԲՀԿ առաջնորդն ասել էր. «Հանրապետությունում իրականացվող տնտեսական և սոցիալական անպտուղ քաղաքականության պարզ օրինակ է կենսաթոշակային, այսպես կոչված, ռեֆորմը: Սրանից ավելի անմարդկային և անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է»:

Հատկանշական է, որ շաբաթ օրը գրեթե նույն պահին մեկ այլ՝ Երկրապահ կամավորականների համագումարին ելույթ էր ունենում գործող նախագահ Սերժ Սրագսյանը՝ ասելով, որ կենսաթոշակային համակարգի բարեփոխումները կարևորագույն նշանակություն ունեն. «Դրանք ուղղված են հենց նոր սերնդի բարեկեցությանը: Եվ հավատացեք, հենց նման բարեփոխումներն են կոչված սեփական երկրին ամուր կապելու մարդուն: Հենց նման բարեփոխումներով է միահյուսվում հայաստանցու ապագան իր հողին»:

Այսինքն, առնվազն այս խնդրի շուրջ Ծառուկյանն ու Սարգսյանը լրիվ տարբեր դիրքորոշում ունեն: Սոցիալ-տնտեսական այլ խնդիրների առումով ևս շեշտակի տարբերություններ կան: Սակայն մի բան է հայտարարությունների միջոցով քննադատելը, բոլորովին այլ բան՝ գործելը՝ քննադատությունների տրամաբանության շրջանակում: Իսկ գործունեության համար լավ հնարավություն է բացվում փետրվարի 24-ի նստաշրջանի ընթացքում և դրանից հետո: Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը չպետք է սահմանափակվի միայն ԱԺ պատերի ներսում, որտեղ ՀՀԿ-ն միանշանակ արգելափակելու է գործընթացը: Հարկավոր է դուրս գալ փողոց՝ հանրային դժգոհության ալիք բարձրացնելու միջոցով: Իշխանությունը ցույց է տվել, որ հատկապես խորհրդարանում իրենք պատրաստ չեն որևէ փոխզիջման քաղաքական փոքրամասնության հետ: Այդ պարագայում խորհրդարանական փոքրամասնության համար փողոցը մնում է միակ համարժեք պատասխանը իշխանություններին:

Մեկնաբանել