Վենեսուելայում հուզումներ են։ Երկրի ձախ կառավարության կողմնակիցները և հակառակորդները ցույցեր են կազմակերպել։ Իշխանությունը ուժ է կիրառել քաղաքացիների նկատմամբ, որի արդյունքում զոհեր կան։
Հուգո Չավեսի մահից հետո Վենեսուելան հայտնվել է տնտեսական շատ ծանր վիճակում։ Չավեսը փորձում էր «21-րդ դարի սոցիալիզմ» կառուցել։ Այդ նպատակով նա ուժեղացրեց նախագահական իշխանությունը, որը տնտեսության վերահսկողության խնդիր առաջացրեց: Նա վերցրեց տնտեսության վերահսկողությունը։ Այդ քայլից հետո իշխանությունը սկսեց մեծ ռեսուրսներ վերահսկել և վերաբաշխել դրանք հասարակության մեջ։ Սակայն այդ մոդելը չկարողացավ կայուն եկամուտ ապահովել։ Պետության միջամտությամբ սոցիալիզմ կառուցելու փորձը ավելի շատ խնդիրներ առաջացրեց, քան լուծումներ տվեց։
Այսօր Վենեսուելայում առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ է։ Դեղորայքի ու սննդամթերքի պակասությունը երկիրը կանգնեցրել է սոցիալական բունտի եզրին։ Վենեսուելայի փորձը կրկին ցույց է տալիս, որ սոցիալիզմի ուղին բռնած երկրները դառնում են ավտորիտար կամ տոտալիտար, իսկ հետո վախճանվում։
Ֆրիդրիխ Հայեկի «Ճանապարհ դեպի ճորտատիրություն» գրքում առաջ քաշած թեզերը իրականություն դարձան նաև Վենեսուելայի համար։ Երբ պետությունը փորձում է վերահսկել տնտեսությունը և զարգացման գործընթացը, երկարաժամկետ տեսանկյունից ստեղծվում են խոչընդոտներ։ Պետությունը երբեք չի կարող ինֆորմացիա ունենալ բազմաթիվ տնտեսական սուբյեկտների որոշումների մասին: Ինֆորմացիա չունենալով՝ իշխանությունը որոշումներ է կայացնում, որոնք չեն համապատասխանում տնտեսության առկա առաջարկին ու պահանջարկին, ինչն էլ հանգեցնում է տնտեսության լճացմանն ու վախճանին։
Սոցիալիզմի խնդիրներից մեկն այն է, որ իշխանությունը տնտեսական ռեսուրսները դարձնում է հանրային և անհատներին ու խմբերին զրկում քաղաքական պայքարի հնարավորություններից։ Իսկ քաղաքական պայքարի ռեսուրսների սահմանափակումը նախապայման է ստեղծում ավտորիտար կամ տոտալիտար ռեժիմ ձևավորելու համար:
Վենեսուելայում ընթացող ցույցերը և բռնության միջոցով իշխանության արձագանքը ցույց են տալիս, որ սոցիալիզմը իշխանությունը ուզուրպացնելու աղբյուր է, որը հետագայում օգտագործվում է քաղաքացիների դեմ։ Փորձը վկայում է, որ սոցիալիստական տնտեսական համակարգը ծնում է բռնապետություն, և հայտնվում են այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք են Ստալինը, Կիմ Չեն Իրը, Ֆիդել Կաստրոն և այլք։
Վենեսուելայի զարգացման մոդելն ապացուցում է, որ իշխանությունն ունակ չէ կայուն զարգացում ապահովել, երբ իր վրա է վերցնում ռեսուրսների վերաբաշխման գործառույթը և փորձում է սոցիալիզմ կառուցել։ Փաստացի «21-րդ դարի սոցիալիզմը» կրկնում է «20-րդ դարի սոցիալիզմի» փորձը. գնում է դեպի վախճան: