Ուկրաինայի զինված ուժերը բերվել են ամբողջական մարտական պատրաստության: Այս մասին մարտի 1-ի երեկոյան ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը, հաղորդում է ուկրաինական «Ունիան» գործակալությունը:
«Հաշվի առնելով ագրեսիայի պոտենցիալ սպառնալիքը, ես հրաման եմ տվել զինված ուժերը բերել մարտական պատրաստության»,-ասել է Տուրչինովը՝ հավելելով, որ ուժեղացվել է ատոմակայանի, օդանավակայանների և ռազմավարական նշանակության օբյեկտների հսկողությունը:
Տուրչինովը ընդգծել է, որ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը պատերազմի դեպքում մանրամասն պլան է գծել: Նա նաև հավաստիացրել է, որ բոլոր խոսակցություններն այն մասին, թե Ուկրաինայում վտանգավոր է ՌԴ քաղաքացիների կամ ազգությամբ ռուսների համար, «շինծու և կեղծ են»:
Մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հավանության արժանացրեց նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի օգտագործումը թույլատրելու խնդրանքը՝ մինչև այդ երկրում հասարակական-քաղաքական իրադրության կարգավորումը:
Նույն օրը Ղրիմի նոր վարչապետ Սերգեյ Աքսենովը դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով աջակցել ինքնավար հանրապետության տարածքում խաղաղության և հանգստության հաստատմանը։
Փետրվարի 27-ի առավոտյան անհայտ անձիք գրավել էին Սիմֆերոպոլում Ղրիմի Գերագույն ռադայի և կառավարության շենքերը, որոնց վրա բարձրացվել էր Ռուսաստանի դրոշը: Ավելի ուշ պատգամավորներին թույլատրվել էր մտնել խորհրդարան, որտեղ նրանք արտահերթ նիստ էին անցկացրել։ Նույն օրը հայտնի էր դարձել, որ Ղրիմի խորհրդարանի նախագահությունն առաջարկել է մայիսի 25-ին ինքնավարության լիազորությունների ընդլայնման հարցով համաղրիմյան հանրաքվե անցկացնել։ Փետրվարի 27-ին նաև Ղրիմի Ինքնավար Հանրապետության նոր վարչապետ նշանակվեց Ղրիմի Գերագույն խորհրդի անդամ, «Ռուսական միասնություն» խմբակցության առաջնորդ Սերգեյ Աքսենովը, որը հայտարարել է, որ Վիկտոր Յանուկովիչը «շարունակում է մնալ Ուկրաինայի իրավաբանորեն ընտրված նախագահը»:
Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում ընդունեց մայիսի 25-ինարտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչն պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ինքը՝ Յանուկովիչը, հայտարարում է, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ:
Գերագույն ռադայի փետրվարի 23-ի որոշմամբ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, որը համարվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «աջ ձեռքը»։