Բուրժուան կա, մնաց հեղափոխությունը

Մարտի 1-ին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հրավիրած հանարահավաքի բազմամարդությունն ապացուցեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը քաղաքական միակ ուժն է, որը կարողանում է համախմբել հանրային դժգոհության ալիքը: Փաստացի Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակում է վերահսկել հրապարակը: Հանրության հրապարակային աջակցության տեսանկյունից ընդդիմադիր դաշտում ուժային կենտրոնը միանշանակ առաջին նախագահի կողմն է: Հետևաբար, Հայաստանում քաղաքական գործընթացների մեջ ՀԱԿ-ի դերը ծանրակշիռ է:

Հանրահավաքում Տեր-Պետրոսյանը կրկին վստահեցրեց, որ իշխանափոխությունը ՀԱԿ-ի համար առաջնային նպատակ է, և բոլոր ռեսուրսները կենտրոնացված են այդ նպատակը կյանքի կոչելու համար: Նա վերահստատեց իր հավատարմությունը 2011թ. վերջին հրապարակած «քաղաքագիտական վերլուծությանը», որը 2013թ. վերաձևակերպված ներկայացրել էր որպես «բուրժուադեմոկրատական հեղափոխության» տեսություն: Վերջինս էությունն այն է, որ բուրժուազիայի աջակցությամբ քաղաքական ուժերը պետք է իշխանափոխության հասնեն: Այդ շրջանակում առաջին նախագահը առանցքային դեր է հատկացնում խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին:

«Բուրժուադեմոկրատական հեղափոխության» էությունը, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, այն է, որ հայաստանյան գործարարներն իրենք պետք է ֆինանսավորեն երկրում փոփոխությունների գործընթացը: Տեր-Պետրոսյանը բերեց հարևան Վրաստանի օրինակը, որտեղ մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի կապիտալի օգտագործմամբ հնարավոր եղավ իրականացնել անցնցում փուլային իշխանափոխություն: Հայաստանում Իվանիշվիլիի դերը առաջին նախագահը հատկացնում է ԲՀԿ առաջնորդին։

ԲՀԿ խմբակցության երկրորդ համարը՝ Վարդան Օսկանյանը, արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի 1-ի ելույթին՝ նշելով. «Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի 1-ի ելույթի շեշտադրումները ինչ-որ տեղ մանրամասնված շարունակությունն էին ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի հնչեցրած գնահատականների։ Երկուսն էլ հիմնականում խոսեցին երկրի ծանր վիճակի մասին և առաջարկեցին այդ վիճակից երկիրը դուրս բերելու անցնցում ճանապարհ»: Փաստացի ԲՀԿ-ն առարկություն չունի Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնհատականների ու քաղաքական գործընթացնների մեջ Ծառուկյանին հատկացվող դերի առումով:

Տեր-Պետրոսյանը Ծառուկյանի լիարժեք ներգրավվածությունն ապահովելու և քաղաքական համախմբման համար կարևոր շեշտադրում է անում՝ հայտարարելով. «Գաղտնիք չէ, որ Հայ ազգային կոնգրեսը, ինչպես նախկինում, այժմ էլ ձգտում է ամբողջական իշխանափոխության, այն է՝ նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման»։ Միաժամանակ, ՀԱԿ առաջնորդը խոստովանում է, որ առանց ոչ իշխանական ուժերի աջակցության, ամբողջական իշխանափոխությունն անհնար է: Սակայն ոչ իշխանական մյուս ուժերը (ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն»), ըստ Տեր-Պետրոսյանի, հակված են իշխանափոխության «հանգրվանային» տարբերակին, որի առաջին քայլը Տիգրան Սարգսյանի կառավարության տապալումն է:

Փաստացի ռեալպոլիտիկի սկզբունքով առաջնորդվելով՝ Տեր-Պետորսյանը կոնսենսուս է առաջարկում Գագիկ Ծառուկյանին և Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ դնելուց խուսափող ուժերին։ Կոնսենսուսի էությունը հետևյալն է. ՀԱԿ-ը համաձայնում է իշխանափոխության «հանգրվանային» տարբերակին, ոչ իշխանական խմբակցությունների հետ նախաձեռնվում է գործող կառավարության անվստահություն հայտնելու և քաղաքական ուժերի լայն ներգրավվածություն ապահովող նոր կառավարության ձևավորման գործընթաց։ Հաջողության հասնելու դեպքում երկրորդ քայլը ենթադրվում է, որ պետք է լինի Սերժ Սարգսյանի իշխանազրկման գործընթացը։

Մեկնաբանել