Վարչապետը խաչակրաց արշավանքի է պատրաստվում

«Արդար, հավասար մրցակցային միջավայրը, որ ավելի առաջնահերթ է տնտեսության զարգացման համար, մեզ չի հաջողվել ձևավորել Հայաստանի Հանրապետությունում: Սա ամենակարևորագույն խնդիրն է և կառավարության համար թիվ 1 առաջնահերթությունը». վարչապետ Տիգրան Սարգսյանն այս հայտարարությունն արել է մարտի 4-ին Հայաստանի ազգային մրցունակության 2013-2014 թթ. զեկույցի շնորհանդեսի ժամանակ: Նա նշել է, որ կառավարության գործունեության ծրագրի արդյունավետության գնահատականը ազատ մրցակցային դաշտի ստեղծումն է:

Շուրջ վեց տարի իր ղեկավարած կառավարության գործունեության նման անկեղծ գնահատականը խիստ ուշագրավ է։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ Տիգրան Սարգսյանը այդպիսի հայտարարություն անելուց հետո պարտավոր է հանրությանը ներկայացնել այն հիմնական պատճառները, որոնք խոչընդոտել են գործող կառավարությանը արդար, հավասար մրցակցային միջավայր ստեղծելուն։ Վարչապետը, սակայն, լռում է պատճառների մասին: Առանց իրատեսական հիմնավորումների՝ նման հայտարարություն լսելը քաղաքական մեծամասնություն ունեցող ուժի ներկայացուցչի կողմից տարօրինակ է:

Իր պաշտոնավարման ընթացքում Տիգրան Սարգսյանը՝ ի դեմս ՀՀԿ-ի, ունեցել է քաղաքական մեծամասնության աջակցությունը խորհրդարանում և տիրապետել է վարչական ու իրավական լծակների՝ ստվերային տնտեսության դեմ պայքարելու համար: Սակայն այս ամենով հանդերձ նա ձախողել է ստվերային տնտեսության վերացման գործը։ Վարչապետի խոսքով՝ ստացվում է, որ պետական ապարատը անզոր է Հայաստանում գործող «անտեսանելի» ուժերի դեմ։ Այս պարագայում տրամաբանական չէ՞, որ պետական ապարատի բնականոն գործառնությունն ապահովելու անընդունակ կառավարիչները պաշտոնաթող լինեն, այսինքն՝ Տիգրան Սրագսյանը հրաժարական ներկայացնի։

Փաստացի գործող վարչապետը խոստովանում է, որ արդյունավետ չի պայքարել արդար, ազատ ու հավասար գործարար միջավայր ունենալու համար։ Հետևաբար որևէ երաշխիք չկա, որ առաջիկայում նրան կհաջողվի միջավայրը դրականորեն փոխել։

Տիրապետել անհարժեշտ բոլոր ռեսուրսներին ստվերային տնտեսության դեմ պայքարի գործում և հաջողության չհասնել, ավելի շատ խոսում է այն մասին, որ Հայաստանի բարձրագույն իշխանությունները ամենևին էլ շահագրգռված չեն ազատ, արդար և մրցակցային միջավայր ունենալում։ Դատելով բիզնեսի և իշխանության ներկայացուցիչների սերտաճման մակարդակից՝ պետք է խոսել այն մասին, որ իրականում ստվերային տնտեսությունը պատկառելի ստվերային ֆինանսական հոսքեր է ապահովում հենց բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչների համար։ Պատահական չէ, որ ԶԼՄ-ներում պարբերաբար խոսվում է բարձրաստիճան չինովնիկների այս կամ այն ոլորտում բիզնես հետաքրքրությունների մասին։ Վեց տարի բարձրաստիճան չինովնիկների բիզնես հետաքրքրություններն ու ախորժակը խրախուսած իշխանությունը չի կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած է։

Վարչապետի հայտարարությունը ավելի շուտ պետք է դիտարկել ներքաղաքական զարգացումների համատեքստում։ Հաշվի առնելով խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունների հնարավոր գործողություններն ընդդեմ կառավարության՝ բացառված չէ, որ Տիգրան Սարգսյանի վերոհիշյալ հայտարարությունը բիզնեսի նկատմամբ հերթական «խաչակրած արշավանք» սկսելու կոչ է։ Իսկ արշավանքի ուղղությունը որոշվելու է բացառապես քաղաքական նպատակահարմարությամբ։

Մեկնաբանել