Ղրիմի ճգնաժամը և ԱՄՆ-ի՝ որպես գերտերության անկումը

Ղրիմի ճգնաժամը և ստեղծված իրավիճակին ԱՄՆ-ի արձագանքը ևս մեկ անգամ հաստատում են, որ ԱՄՆ-ը կորցրել է երբեմնի հզորությունը որպես գերտերություն և ճգնաժամերին լուծում տալու համապատասխան ռեսուրսներ չունի: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում ձևավորվեց երկու գերտերություն՝ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը: Այդ երկու տերությունների մրցակցությունը պահում էր ուժերի բալանսը աշխարհում, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ը դարձավ միակ գերտերությունը, որն աշխարհում ոստիկանի դեր էր կատարում:

2000-ականների կեսից ընթացող գործընթացները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը կորցրել է իր երբեմնի հզորությունը, իսկ 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով էլ ավելի է թուլացել, ինչն ազդում է աշխարհաքաղաքական իրավիճակի վրա: Ստեղծված նոր իրավիճակի մասին գրել է CNN-ի GPS հաղորդման վարող Ֆարիդ Զաքարիան իր «Հետամերիկյան աշխարհը» գրքում: Նա նոր աշխարհաքաղաքական իրավիճակը բնութագրում է որպես «մնացածի վերելքը»` «the rise of the rest»: Զաքարիան ներկայացնում է, թե ինչպես Չինաստանը, Հնդկաստանը և այլ երկրներ իրենց ռեսուրսները արդյունավետ կառավարելով` կարողացել են տնտեսական զարգացում ապահովել և մի շարք հարցերում առաջ անցնել ԱՄՆ-ից: Դրա վիճակագրական ապացույց է համարում այն, որ մի ժամանակ ամենաբարձր շենքերը, ամենամեծ կազինոները, ամենամեծ մայրուղիները ու վաճառքի կենտրոնները գտնվում էին ԱՄՆ-ում, իսկ այժմ դրանց մեծը մասը այլ երկրներում են:

Յան Բրեմերը նոր ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես G-Zero աշխարհ: Ըստ նրա՝ աշխարհում ուժի վակուում է ստեղծվել, քանի որ միջազգային հարաբերություններում չկա հստակ առաջնորդ երկիր կամ երկրների խումբ, որն էլ բերում է քաոսի:

Աշխարհաքաղաքական նոր իրավիճակի պատճառով ԱՄՆ-ը չի կարողացել ուղղակի միջամտել ռուս-վրացական պատերազմին: Եթե Աֆղանստանի ու Իրաքի պատերազմների ժամանակ ԱՄՆ-ը կարողացավ որպես առաջնորդ իր վրա վերցնել այդ խնդիրների կարգավորումը, ապա այսօր Սիրիայի հարցում ԱՄՆ-ը ստիպված է համագործակցել Ռուսաստանի և այլ պետությունների հետ, որպեսզի փորձի լուծում տալ ստեղծված իրավիճակին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը կորցրել է իրականության հետ կապը: Իրականում Պուտինի քայլերը իրականության հետ կապը կորցնելու արդյունք չեն. նա աշխարհաքաղաքական իրավիճակից ու իր շահերից ելնելով է գնացել նման քայլերի: Պուտինն այս պահին սեղանին այլ տարբերակ չունի: Ուկրաինայի կորուստը նշանակում է Ռուսական կայսրության փլուզում, դրա համար էլ Պուտինը նման քայլերի է գնում պահելու Ռուսաստանի ուժը: Նա իրավիճակին արձագանքում է՝ ելնելով Ռուսաստանի ռեսուրսներից ու աշխարհաքաղաքական իրավիճակից:

Ռուսաստանը հասկանում է, որ մեծ գին է վճարում Ղրիմի հետ կապված, սակայն այդ գինը ավելի մեծ չէ, քան Ռուսաստանի՝ որպես իմպերիայի փլուզումը: Ռուսաստանը նաև հասկանում է, որ ԱՄՆ-ը բավականաչափ ուժ չունի կանխելու Ռուսաստանի քայլերը: Կարծիք կա, որ եթե ԱՄՆ-ի նախագահը լիներ Հանրապետական կուսակցությունից, ապա ԱՄՆ-ն ավելի ագրեսիվ կլիներ: Իրականում ռուս-վրացական պատերազմի ժամանակ նախագահը եղել է Հանրապետական Ջորջ Բուշը, սակայն ԱՄՆ-ի ռազմական ու այլ միջամտությունները շատ քիչ են եղել, քանի որ նա չունի համապատասխան ռեսուրս:

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական ուժի կիրառումը պայմանավորված է նաև նրանով, որ միջազգային հարաբերություններում չկա առաջնորդ երկիր կամ երկրների խումբ, որոնք կկարողանան համարժեք պատասխան տալ Ռուսաստանի քայլերին: Հենց այդ է պատճառը, որ Ռուսաստանը կարողանում է նման քայլեր ձեռնարկել: Ստեղծված G-Zero աշխարհը ուժի վակուում է ստեղծել աշխարհում, որը թույլ է տալիս պետություններին ավելի ազատ զգալ՝ ռազմական ուժ կիրառելու իրենց արտաքին խնդիրները լուծելու համար:

Մեկնաբանել