8 մարտ, 2014 13:54

Տիմոշենկոն բուժման նպատակով ժամանել է Բեռլին

Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն բուժման նպատակով ժամանել է Գերմանիա: Տիմոշենկոն բուժում է ստանալու բեռլինյան «Շարիտե» համալիրում, հաղորդում է «Դոժդ» հեռուստաալիքը՝ գերմանական Berliner Zeitung պարբերականի հղումով:

 Տիմոշենկոն Բեռլին ժամանել է Դուբլինից, որտեղ նա մարտի 6-7-ին մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին:

Տիմոշենկոյի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեռլինի «Շենեֆելդ» օդանավակայանում, որտեղ Ուկրաինայի նախկին վարչապետին սպասել է շտապօգնության մեքենան: Ոոստիկանական երկու մեքենայի ուղեկցությամբ Տիմոշենկոն անմիջապես տեղափոխվել է կլինիկա: 
Մարտի 8-ի երեկոյան կլինիկայի ներկայացուցիչները հանդես կգան մամուլի ասուլիսով:

Յուլյա Տիմոշենկոն Խարկովի բանտից ազատ է արձակվել փետրվարի 22-ին: Նույն օրը Ուկրաինայի Գերագույն ռադան բանաձև էր ընդունել, որի համաձայն՝ Տիմոշենկոն կարող էր ազատ արձակվել առանց նախագահի ստորագրության:

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն 2011թ. հոկտեմբերին դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման և Ռուսաստանի հետ 2009թ. երկրի շահերից չբխող գազային համաձայնագրեր ստորագրելու մեղադրանքով: 2011թ. վերջից Տիմոշենկոն պատիժը կրում էր Խարկովի շրջանի բանտերից մեկում: