Օբաման և Մերկելը կողմ են ռուս-ուկրաինական երկխոսության համար կոնտակտային խմբի ստեղծմանը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ են արտահայտվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ երկխոսության վերականգնման նպատակով կոնտակտային խումբ ստեղծելուն, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Սպտակ տանը։

Երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցը կայացել է մարտի 7-ին։

«Նրանք խոսել են այն մասին, որ Ռուսաստանը պետք է արագ համաձայնի կոնտակտային խմբի ձևավորմանը, որը կհանգեցնի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ երկխոսության՝ իրավիճակի թուլացման և Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով»,- գործակալությունը մեջբերում է Սպիտակ տան հայտարարությունը։

Բացի այդ՝ Օբաման հայտնել է Մերկելին, որ ողջունում է ուկրաինական հարցի շուրջ ԱՄՆ-ի և Եվրամիության միասնական դիրքորոշումը։

«Առաջնորդները համամիտ են այն հարցում, որ Ռուսաստանը պետք է Ղրիմից դուրս բերի զորքը, թույլ տա միջազգային դիտորդներին համոզվել, որ Ուկրաինայում էթնիկ ռուսների իրավունքները պաշտպանված են, ինչպես նաև աջակցի այդ երկրում արտահերթ նախագահական ընտրություններին»,- հայտնել են Սպիտակ տնից։

Մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հավանության արժանացրեցնախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի օգտագործումը թույլատրելու խնդրանքը՝ մինչև այդ երկրում հասարակական-քաղաքական իրադրության կարգավորումը։ Այսպիսի որոշման պատճառը Ռուսաստանը պայմանավորեց քաղաքական անկայունությամբ Ուկրաինայում և մասնավորապես Ղրիմում, որտեղ վարչապետը հայտարարել է Վիկտոր Յանուկովիչին իր հավատարմության մասին։

Մեկնաբանել