Խոդորկովսկին մշտական բնակություն է խնդրում Շվեյցարիայից

ՅՈՒԿՕՍ սնանկացած նավթագազային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին Շվեյցարիայում մշտական բնակության թույլտվության խնդրանքով դիմել է այս երկրի իշխանություններին, հաղորդում է Reuters-ը:

Խոդորկովսկին Շվեյցարիա մեկնելու Շենգեն վիզա էր ստացել 2013թ. դեկտեմեբրի 30-ին:

Միխայիլ Խոդորկովսկին ավելի քան տասը տարի անազատության մեջ լինելուց հետո ազատ է արձակվել 2013թ. դեկտեմբերի 20-ին՝ համաձայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նրան ներում շնորհելու մասին հրամանագիրի։

Ազատ արձակվելուց ժամեր անց Խոդորկովսկին մեկնել էր Գերմանիա։

ՅՈՒԿՕՍ-ի նախկին սեփականատերն անազատության մեջ էր 2003թ․ հոկտեմբերից և պետք է ազատ արձակվեր 2014թ․օգոստոսի 25-ին։

2005թ․ մայիսին Մոսկվայի Մեշանսկի դատարանը գործարարին դատապարտել էր 9 տարի ազատազրկման` հարկերից խուսափելու համար։ 2010թ․ դեկտեմբերին Մոսկվայի Խոմովնիչեսկի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ՅՈՒԿՕՍ-ի կողմից արդյունահանվող նավթի յուրացման և փողերի լվացման մեջ ու դատապարտել 14 տարի ազատազրկման։ 2012թ․ դեկտեմբերին Մոսկվայի քաղաքային դատարանը կրճատել էր նրա պատիժը մինչև 11 տարի։

Մեկնաբանել