Սևաստոպոլը հաստատել է ռուսերենի պաշտոնական կարգավիճակը

2014թ․ մարտի 7-ին Սևաստոպոլի քաղաքային պետական վարչության նախագահի ժամանակավոր պաշտնոկատար Դմիտրի Բելիկը արձակել է կարգադրություն Սևաստոպոլի քաղաքային պետական վարչությունում գործավարությունում ու փաստաթղթաշրջանառությունում պետական ուկրաիներեն լեզվի օգտագործման արգելքի մասին։ Համաձայն տվյալ կարգադրության՝ գործավարության և փաստաթղթաշրջանառության իրականացման պաշտոնական լեզու է համարվում ռուսերենը։ Այս մասին հաղորդում է «Նովիյ Սևաստոպոլ» ինտերնետային պարբերականը։

Որոշումը, ինչպես նշվում է, հիմնված է Շրջանային լեզուների և ազգային փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի, ինչպես նաև Ուկրաինայի նախկին ղեկավարության օրոք ընդունված «Լեզվի մասին պետական քաղաքականության հիմունքների մասին» օրենքի վրա։ Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 12-ից։

Մարտի 6-ին Սևաստոպոլի քաղաքային խորհուրդը մարտի 16-ին նշանակել է հանրաքվե՝ քաղաքը Ռուսաստանի կազմ մտցնելու հարցով։ Ներկայում այն ունի հատուկ կարգավիճակ և պաշտոնապես Ղրիմի կազմում չէ։

Նույն օրը կարգավիճակի հարցով հանրաքվե է նշանակված նաև Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում։ Այն Կիևում, Վաշինգտոնում և Բրյուսելում անօրինական են համարում։ Հանրաքվեի է դրվելու երկու հարց՝ «Դուք կո՞ղմ եք Ղրիմի՝ որպես ՌԴ սուբյեկտ Ռուսաստանին վերամիավորմանը» և «Դուք կո՞ղմ եք Ղրիմի Ինքնավար Հանրապետության՝ 1992թ․ Սահմանադրության վերականգնմանը և Ղրիմի՝ որպես Ուկրաինայի մաս կարգավիճակին»։

Ղրիմի՝ Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի կողմից ոչ լեգիտիմ ճանաչված վարչապետ Սերգեյ Աքսյոնովը ռուսական «Ռիա նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Ղրիմը հանրաքվեին կողմ արտահայտվի Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն, ինքնավարությունում երկլեզու համակարգ կգործի՝ ռուսերեն և ղրիմաթաթարերեն, սակայն թերակղզում բնակվող բոլոր ազգությունները, ներառյալ՝ ուկրաինացիները, կկարողանան զարգացնել իրենց լեզուները։

Մեկնաբանել