Հայաստանի արյունատար անոթները

Լուսանկարը՝ Ազատ Գևորգյանի:

Օրերս ավտոմեքենայով հաղթահարելով Երևան-Մեղրի միջպետական ավտոմայրուղու Երևան-Կապան հատվածի դժվարությունները` մոտ հինգ ու կես ժամում իմ գործընկերների հետ ժամանեցինք Սյունիքի մարզկենտորոն՝ Կապան: Շուրջ 300 կմ ճանապարհն ավելի քան հինգ ժամում անցնելուց հետո ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ Հայաստան պետությունը կանգնած է կաթված ստանալու եզրին:

Յուրաքանչյուր պետության համար ճանապարհները արյունատար անթոներն են, որոնք թթվածին են հասցնում նրա տարբեր օրգաններին: Երբ արյունատար անոթները խցանվում են, մեծանում է կաթված ստանալու հավանականությունը:

Հայաստանում ճանպարահները, հատկապես՝ գյուղական վայրերում, որոնք կատարում են մազանոթների գործառույթ, գերակշիռ մասով աղետալի վիճակում են։ Արդյունքում գյուղական համայնքները մեկուսացված են, այնտեղ հիմնականում թշվառություն է տիրում։ Սակայն առավել մտահոգիչ է, երբ միջպետական նշանակության ճանապարհները, որոնք զարկերակային անոթների նշանակություն ունեն, ավերված ու անմխիթար վիճակում են։

Արդյունաբերական և առևտրային տեսակետից Երևան-Մեղրի ճանապարհը առաջնային նշանակություն ունի հանրապետության համար։ Սակայն այդ ճանապարհի ընթացքում հարթ ասֆալտը հաճելի պատահականություն է։ Նույնիսկ բավարար համարվելուց վատ վիճակում գտնվող այդ ճանապարհով ամեն օր փոխադրվում են հարյուրավոր տոննա բեռներ: Երևան-Կապան ճանապարհին գրեթե ամեն տասը րոպեն մեկ կարելի է հանդիպել բեռնատարների, որոնք կա՛մ հանքահումք են տեղափոխում, կա՛մ էլ Իրանից Հայաստան ու հակառակ ուղղությամբ բեռներ։ Զարմանալ կարելի է, թե ինչպես են վարորդները հաղթահարում նեղ, ոլորապտույտ, խորդուբորդ ու ավերված ճանապարհը։

Որոշակի հույսեր կապում են Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ կառուցվող «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի հետ, սակայն այդ ճանապարհի կառուցման հետ կապված վերջին բացահայտումները ցույց են տալիս, որ գոնե առաջիկա տասը տարում պետք չէ ակնկալել, որ Հայաստանը հարավը հյուսիսին կապող միջազգային ստանդարտներին համապատասխան միջպետական ճանապարհներ կունենա:

Մեկ կարևոր հանգամանք ևս։ Երկրի մասին առաջին տպավորությունը օտարերկրացիները ստանում են ճանապարհներից։ Կարելի է պատկերացնել, թե ինչ տպավորություններ է համակում նրանց, ովքեր ստիպված են լինում իրենց մաշկի վրա զգալ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մատուցած անհարմարությունները։

Հայաստանն իր ճանապարհներով թողնում է թշվառ, աղքատ ու ոչ կենսունակ պետության տպավորություն, որը ժամանակ է մաշում արևի տակ՝ գոյությունը քարշ տալու համար։

Հայաստանի արյունատար անոթները վերակենդանացնել է պետք, այլապես կաթվածն անխուսափելի է։

Մեկնաբանել