13 մարտ, 2014 11:05

Ի՜նչ տգեղ եք մեռնում…

Այդ վախն ու այս հարցազրույցը հնարավոր դարձրեց միայն մի մարդ՝ Սերժ Սարգսյանը: Նա թույլ տվեց մարդասպանին հարցազրույց տալ բացառիկ ու պատմել իր կենսոլորտի մասին, որից ամեն մարդ բնության առողջ մղումով կուզենա կիլոմետրերով հեռու մնալ: Այս հարցազրույցն իրոք բացառիկ էր: ՈՒ բացառիկության տիտղոսը նվիրում է նախագահը:

Վերջերս այնպես էր ստացվում, որ համացանցից էի իմանում ընկերներիս, ծանոթներիս մահվան մասին, որոնց գնահատել եմ շատ: Էդ պահին ավերիչ մի վիշտ է տարածվում մարմնովդ մեկ, մի հուսահատություն, մանավանդ, երբ մարդ չկա կողքիդ, որ ասես, խոսքի վերածես հուսահատությունդ, մի էնպիսի զգացում է, թե ուզում ես լուրի պոչը բռնել, չթողնել` ճիշտ լինի, մի հատ էլ ես կարդում, լուրը տեղ է հասնում, սկսում մորթել ուղեղդ, հոգիդ, ուզում ես փակել համակարգիչը, չի ստացվում…

Մարտի 11-ին հենց այդ նույն զգացումն ունեցա, բայց մարդ չէր մահացել:

Ես պատահաբար կարդացի Սուրեն Խաչատրյանի հետ հարցազրույցը Slaq.am ում: Մինչ այսօր ես կարծել եմ, թե միայն թատրոնում կարող է մարդը ինչ-որ բան կարդալիս վատ զգալ այնքան, որ չկարողանա խոսել, չկարողանա շարժվել, կորցնի բոլոր ունակությունները առողջ մարդու, եթե միայն դա մահվան անսպասելի գույժ չէ:

-Պարոն Խաչատրյան, ծնողներից ստացած ո՞ր խորհուրդն է, որ միշտ ուղեկցում է ձեզ: Ինչպիսի՞ ընտանիքում եք մեծացել և ի՞նչ պայմաններում:

Հարցնել մեկին, որի կենսագրությունը հանցագործությունների էնցիկլոպեդիա է, վիքիպեդիա, թե ծնողներից ստացած ո՞ր խորհուրդն է միշտ ուղեցկել իրեն: Հիմա ասեք, որ Լարս ֆոն Թրիերի ֆիլմի բաց տեսարանները կվնասեն մեր ձևավորվող սերնդի հոգեկերտվածքը: Սրանից այլասերված բան երբևէ տեսե՞լ եք:

Չէ, առաջ էլ էին մարդ սպանում՝ պատահաբար կամ մտածված: Բայց դրանից հետո եթե պիտի արդարացվեին, անմիջապես կորչում էին քաղաքից, որ մարդիկ մոռանան իրենց: Իսկ այս գարշահոտի մեջ հանցագործի հետ հարցազրույց են անում ու էն էլ ի՜նչ հարցազրույց՝ զգացմունքների մի ամբողջ կայսրություն:

Էս ի՞նչ ենք անում, պարոննե՛ր և տիկիննե՛ր, օրիորդնե՛ր և տղանե՛ր… էս ի՞նչ եք անում:

-Ինչպիսի՞ն էր Սուրեն Խաչատրյանը բակում, մանկապարտեզում, դպրոցում: Մեկ անգամ, երբ զրուցում էինք, ասացիք,- հարցնում են Սուրեն Խաչատրյանին: Հնչում է մոտավորապես ինչպես «Վիտյա Մալեևը դպրոցում և տանը»: «Մանկապարտեզում ակտիվ եմ եղել, դպրոցում՝ գերազանցիկ, տեխնիկումում՝ նույնպես»:

Տեր մեր Աստված… ի՞նչ դպրոց, ի՞նչ մանկապարտեզ, ի՞նչ տեխնիկում…

Այս մարդու բակում կրակել են Հայկական բանակի սպայի վրա, սպանել են նրա եղբորը՝ չհաշված մնացած բռնաբարություններն ու վայրենությունները… Ի՞նչ մանկապարտեզ ու տեխնիկում, ի՞նչ գերազանց առաջադիմություն: Դուք խեղկատա՞կ եք, թե՞ մենք ենք արդեն խեղկատակ դարձել:

-Տարիների ընթացքում արժեհամակարգը փոխվում է: Օրինակ, այն տարիներին ո՞ր արարքի համար էին երիտասարդներին պիտակավորում, ինչպես այսօրվա խոսակցականով են ասում՝ «կոտրում», ինչի՞ արդյունքում էին նրանք դառնում վատ տղաներ,- պարոնին հարցնում է shamshyan.com-ի թղթակիցը:

-Շատ բաներ կային առաջնային տեղում, որի համար կարող էիր վատ մարդկանց շարքերը դասվել: Հիմա ի՞նչ ասեմ, որ բռնաբարության համար դատվողները, նման արարք անողները վատ մարդիկ էին: Նրանք հենց վատ օրինակ էին և այն ժամանակվանից դա վատ արարք է:

Հարգելի ընթերցո՛ղ, հարգելի համաքաղաքացինե՛ր, հայրենակիցնե՛ր, համակուրսեցինե՛ր ու համադասարանցինե՛ր, հարևաննե՛ր, գործընկերնե՛ր, սա հատված է մի հարցազրույցից որը տեղադրված է որպես «բացառիկ» հարցազրույց…

Մարդասպանների մեծարումը ոտքերը ծալող իրականության ախտանի՞շ է, թե՞ մի ուրիշ բան, որի անունը դեռ որոշված չէ:

Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումներից մեկը Գորիսից էր, ու մարդիկ էնպես էին վախենում մոտենալ միկրոֆոնին, էնպես տխուր վախով էին ասում՝ «ամեն ինչ լավ ա», որ ուզում էիր ամոթից ինքդ քեզ համոզել, որ սխալ ես լսում: ՈՒ այդ վախն ու այս հարցազրույցը հնարավոր դարձրեց միայն մի մարդ՝ Սերժ Սարգսյանը: Նա թույլ տվեց մարդասպանին հարցազրույց տալ բացառիկ ու պատմել իր կենսոլորտի մասին, որից ամեն մարդ բնության առողջ մղումով կուզենա կիլոմետրերով հեռու մնալ: Այս հարցազրույցն իրոք բացառիկ էր: ՈՒ բացառիկության տիտղոսը նվիրում է նախագահը:

-Իսկ ինչպե՞ս միլիոնատեր դարձաք:

-Ուկրաինայում ես ատամնատեխնիկ էի: Հայաստանից գնալով այնտեղ՝ ատամնաբուժարան բացեցի: Աշխատեցինք տասը տարի:

Իմացա՞ք ոնց են դառնում միլիոնատեր, այ ծույլ ժողովուրդ: Վեր են կենում, գնում Ուկրաինա ու դառնում ատամնատեխնիկ: Բայց հիմա չէ, հիմա խառը ժամանակներ են Ուկրաինայում:

Ուզում եմ բացառիկ հարցազրույցի մի հարց էլ անպայման հասցնել ընթերցողիս:

-Նախապես ներողություն եմ խնդրում, բայց կուզեք այս հարցին պատասխանեք, կուզեք՝ ոչ: Անգամ ասում են, որ այդ տարիներին հայրենասիրական դրդումներով թրքուհու եք բռնաբարել:

Աշխա՜րհ, մարդկությո՜ւն, դուք երբևէ լսե՞լ եք «հայրենասիրական դրդումներով բռնաբարության» մասին:

Բոլորը բոլորին մատնում են, բոլորը բոլորին գաղտնալսում են, ոչ ոք ոչ ոքի չի հավատում, ոչ ոք չի ամաչում, ստում են, վաճառվում ու խոսում վաճառվողների դեմ, ոչ ոք չի հասկանում՝ ով ում դաշտում է խաղում, ընդդիմադիրները, պարզվում է, իշխանահաճո են, բարոյականության քարոզիչները անբարոյականության դասագրքի հեղինակ կարող են լինել, վախկոտներն ամենահամարձակն են թվում, համարձակները լռել են, մահացած ընկերոջ վրա առևտուր են անում, բոլորը հոխորտում են, ոտքի տակ են տալիս խեղճերին միայն, հզոր տականքներից թաքնվում են լավագույն դեպքում, իսկ ընդհանրապես՝ քծնում: Դեպի ո՞ւր…

-Լսեցե՛ք, մի բան ասեմ: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Եթե չափը անցնում ես, ոչ ոք ոչինչ չի վայելում: Չափը անցնում են այն մարդիկ, ովքեր երիտասարդ տարիներին փող չեն տեսել, հետո տեսել են ու գայթակղվել են և չեն հագենում: Տեսե՛ք, ես այնքան եմ տեսել, որ սովետական տարիներին օրը չորս, հինգ հազար ռուբլի փող եմ աշխատել: Ես այդքան տեսել եմ: Էլ ես ինչի՞ մասին պետք է մտածեմ: Իսկ իմ ընտանիքի անդամները պետք է չափի մեջ ապրեն, ինչքան էլ որ մեծ կարողություն ունեմ: Դրանով է, որ ես Սյունիքում նման հարգանք եմ վայելում:

Սրանք բոլորը մեռնելու ախտանիշեր են:

Ի՜նչ տգեղ եք մեռնում ու ի՜նչ երկար...

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: