13 մարտ, 2014 11:46

Կարմիր խաչի Բաքվի ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի ներկայացուցիչները մարտի 12-ին այցելել են Ադրբեջանում յոթ հայ գերիներին: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրին Հայաստանի ԿԽՄԿ մամուլի ծառայությունից:

«Ներկայացուցիչները հանդիպել են Արսեն Խոջոյանի, Հակոբ Ինջիղուլյանի և հինգ անդամից բաղկացած հայ ընտանիքի հետ»,- ասացին ծառայությունից` նշելով, որ գերիներին են փոխանցվել նամակներ ընտանիքներից:

Մարտի 7-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա Արսեն Խոջոյանը Ադրբեջանի Թովուզի շրջանի մոտակայքում հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և գերի ընկել:

Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը 2013թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով մոլորվել էր առաջնագծում և սխալմամբ անցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածք: