Այսքան գորշ կարդինալ

Ո՞վ է մեր քաղաքական լրատվության ամենաանձեռնմխելի կերպարը՝ Միքայել Մինասյանը: Հայտնի է որպես Սերժ Սարգսյանի դստեր ամուսին: Երկու օր է, ինչ այս մարդը թեմա է ԱԺ-ում: ՀԱԿ պատգամավորը հայտարարություններ է անում այն մասին, թե ինչպես է Միքայել Մինասյանը մոնոպոլիզացրել հեռուստագովազդի շուկան, իսկ արդարադատության նախարարը, որը կարգավիճակով ցածր է նույնիսկ որևէ խմբակցություն չներկայացնող պատգամավորից, վիրավորում է խորհրդարանականին, միայն թե հարցին չպատասխանի: Ամենակարևորը, որ չի հերքում: Մեր մեջ ասած, պատգամավորի հարցապնդումը նրա գործն էլ չէ: Սակայն բացեք նախորդ երկու օրերի առնվազն երկու առաջատար լրատվական կայք (news.am և tert.am) և տեսեք՝ կա՞ այնտեղ որևէ հիշատակություն այդ փոխհրաձգության մասին: Ոչ մի տող:

Երեկ ԱԺ-ն քննարկում էր օղու գովազդը հեռուստատեսությամբ հեռարձակելու իրավունքի մասին օրենքը: Օրենքն ավելի հայտնի է որպես Միքայել Մինասյանի կամ, ինչպես Արամ Մանուկյանն է ասում՝ փեսու օրենք: Միքայել Մինասյանն այսօր պաշտոնավարում է Վատիկանում, բայց առավել հայտնի է որպես Բաղրամյան 26-ի գորշ կարդինալ, այնքան գորշ, որ նույնիսկ հայկական Վիքիպեդիան նրա մասին կես տող անգամ չունի: Եվ ոչ միայն Վիքիպեդիան: Եթե հետևենք երեկվա խորհրդարան-կառավարության հարցուպատասխանի մասին հեռուստալրատվական դաշտի արձագանքներին, պետք է ենթադրել, որ այդպիսի անուն-ազգանունով պաշտոնյա ընդհանրապես չկա Հայաստանում կամ Հայաստանի անունից՝ Վատիկանում: Մարդ է, որը բոլոր առումներով անխոցելի է, ոչ միայն չի պատասխանում մեղադրանքներին, այլև չի էլ ասում, թե «կաթոլիկ երկինքներում» ինչ են մտածում Քրիստոսին նամակ գրած թագավորի երկրի մասին:

Իսկ Լևոն Զուրաբյանն ասում էր, որ Միքայել Մինասյանի ընկերությունը գովազդի բաշխման բացառիկ իրավունքներ է ձեռք բերել «Արմենիա», «Շանթ», «ԱՏՎ» և «Արմնյուզ» հեռուստաընկերություններում: Ավելին, «Արմենիան», «ԱՏՎ»-ն և «Արմնյուզը» միավորված են «Պանարմենիան մեդիա հոլդինգի» ներքո: Ավելացնեմ, որ «Արմնյուզ» հեռուստաընկերության նոր ղեկավարությանը տվյալ հեռուստատեսության աշխատակազմին անձամբ ներկայացրել է Միքայել Մինասյանը:

Մարտի 12-ին փոքրիկ հեռուստամոնիտորինգ անցկացրեցի, թե ինչպես են լուսաբանել հեռուստաընկերությունները վեց տարվա ընթացքում Միքայել Մինասյանի մասին ռեպորտաժ պատրաստելու առաջին հրապարակային քաղաքական առիթը: Արդեն պարզ է, որ «Արմենիան» և «Արմնյուզը» որևէ կերպ չեն անդրադարձել հռչակավոր փեսային ուղղված Լևոն Զուրաբյանի մեղադրանքներին: Այսինքն, նրանց վարքը չենք քննարկում: Հ1-ի «Առաջին լրատվականն» ընդհանրապես քննարկումից դուրս է: «Երկիր Մեդիայի» համար կառավարության հարց ու պատասխանի միակ թեման պարտադիր կուտակայինի մասին Սահմանադրական դատարանի որոշման պարզաբանումն էր: «Կենտրոնը» նույնպես շրջանցեց ՀԱԿ պատգամավորի՝ ըստ էության զեկուցումը հանցագործության մասին: «Շանթը» հարցուպատասխանն ընդլայնեց ՕԵԿ-ականի, «Ազատ դեմոկրատ»-ականի և ՀՅԴ-ականի հարցերով: Բայց, հիշում եք, «Շանթն» «ի պաշտոնե» նույնպես Միքայել Մինասյանի ֆինանսական ողորմածության դաշտում է:

Հասկանո՞ւմ եք՝ էական չէ, թե ում ողորմածությամբ են ապրում հեռուստաընկերությունները: Այսօր Միքայել Մինասյանինն են, վաղը կլինեն մեկ ուրիշինը: Եվ լրագրողներն ա՜խ էլ չեն քաշի: Սարսափելին Հայաստանում խոսքի ազատության որակի մասին միջազգային կազմակերպությունների սպասվող զեկույցներն են առ այն, թե այդ առումով մենք ինչքան ենք առաջացել, ասենք՝ 1995-ի համեմատ: Սարսափելին այն է, որ մինչ Միքայել Մինասյանը հարստանում է նաև լրատվամիջոցների հաշվին, լրատվամիջոցներն ու լրագրողները Հովիկ Աբրահամյանի շուրթերով որակվում են «հաստավիզ», Խոսրով Հարությունյանի բեղերի տակից՝ «սափրագլուխ», իսկ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը նրանց հետևից շպրտում է՝ լակոտ: Սարսափելին նույնիսկ «հաստավիզը», «սափրագլուխն» ու «լակոտը» չէ, այլ այն, որ լրագրողը կարող է նման որակումներից վատ զգալ: Որպեսզի չկորցնի լրագրող կոչվելու էն «վատիկանառաք» ողորմածությունը, որը նրան «շնորհում» է կամ նվազագույնը չի խանգարում էդ շնորհի մեջ մնալ մեր հրապարակման անհաղթ հերոս Միքայել Մինասյանը:

Մեկնաբանել