Մհեր Մկրտչյանին նվիրված հուշ-երեկո Թբիլիսիում

Թբիլիսիում` Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի մեծ դահլիճում, մարտի 11-ին կայացել է նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» խորագրով այս միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ` «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնի կողմից և Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի աջակցությամբ:

Հուշ-երեկոյին մասնակցել են Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի համերաշխության և քաղաքացիական հավասարության նախարար Պաատա Զաքարեաշվիլին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, վրաց հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Հրավիրվածներին ներկայացվել են «Միմինո» ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիայի, «Միմինո» և «Կին-ձա-ձա» ֆիլմերի սցենարի հեղինակ Ռևազ Գաբրիաձեի և Վախթանգ Կիկաբիձեի` հատուկ այդ երեկոյի համար տեսագրված ողջույնի խոսքերը: Երեկոյի ընթացքում ներկայացվել են հայտնի ֆիլմերի վիդեո-կադրեր, կազմակերպվել է Մհեր Մկրտչյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես, նրա նկարների եզակի ֆոտո-շարքի ցուցադրություն:

Մեկնաբանել