Չորս ուժերին քննադատողները թող այլընտրանք առաջարկեն

Ինչպես միջպետական հարաբերություններում, ներքին քաղաքականության մեջ ևս հավերժական թշնամիներ և բարեկամներ չկան: Կան շահեր, որոնք ժամանակի և տարածության մեջ դինամիկ փոփոխության են ենթարկվում: Քաղաքական ուժերին պետք է գնահատել՝ ելնելով այն հանգամանքից, թե որքանով են նրանց քաղաքական շահերը համահունչ պետականության շահերին:

Աշխարհի որևէ երկրում, ինչքան էլ այն ժողովրդավարական լինի, բարոյական բացարձակ արժեքներով և աստվածաշնչյան պատվիրաններով առաջնորդվող քաղաքական ուժեր և քաղաքական առաջնորդներ պարզապես չկան: Բացառություններ հնարավոր են, սակայն բացառություններն ընդգծում են օրինաչափությունը:

Հայաստանյան ներքաղաքական ասպարեզում այժմ բավական ընդգծված քննադատության է ենթարկվում խորհրդարանական ոչ իշխանական ուժերի հնարավոր համագործակցությունը: Առանցքային քննադատության թիրախում է հայտնվել ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը և այդ երկուսի հնարավոր դաշինքը՝ ընդդեմ գործող իշխանությունների:

Այս ուղղությամբ քննադատությունները կառուցվում են այն թեզի վրա, որ ՀԱԿ-ը, գործելով արմատական ընդդիմության դաշտում, չպետք է համագործակցի մի ուժի հետը, որը 2008թ. նախագահական ընտրությունների և Մարտի 1-ի ոճրագործության ժամանակ կանգնած է եղել Սերժ Սարգսյանի կողքին, կոալիցիայի մաս է կազմել ՀՀԿ-ի հետ, նրա ղեկավարը խոշոր գործարար է, որի հարստանալու մեջ կարևոր նշանակություն է ունեցել իշխանություններին սերտաճած լինելու հանգամանքը, իսկ այժմ էլ այդ կուսակցությունը նույնիսկ չի պահանջում գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Անկախ Հայաստանի քաղաքական պատմության ընթացքում չի ձևավորվել քաղաքական որևէ ազդեցիկ ուժ, որին հնարավոր չլինի մեղադրանք ներկայացնել որևէ թեմայով: Այդ պատմության որոշակի ժամանակահատվածներում կարելի է տեսնել նաև քաղաքական այնպիսի դաշինքներ, որոնք միավորել են հակառակորդ ճամբարներում գտնվող ուժերի:

Ամենավառ օրինակը Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան դաշինքն էր: 1999թ. մայիսի խորհրդարանական ընտրություններից առաջ Վազգեն Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը և Դեմիրճյանի Հայաստանի ժողովրդական կուսակցությունը դաշինք կազմեցին, որն անվանվեց «Միասնություն»: Սա այն դեպքում, երբ մեկ տարի առաջ՝ 1998թ. նախագահական արտահերթ ընտրությունների ժամանակ Վազգեն Սարգսյանը նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հետ նույն ճամբարում էր, իսկ նրանց թիվ մեկ հակառակորդը Կարեն Դեմիրճյանն էր:

1998թ. ընտրությունների վիճելի արդյունքները չխանգարեցին, սակայն, որ մեկ տարի հետո Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը միավորվեն։ Այս առումով Վազգեն Սարգսյանն ասել է. «Կարեն Դեմիրճյանը և ես հեշտությամբ չենք հանգել դաշինքի ձևավորման գաղափարին: Հայաստանը մեկ գաղափարի երկիր է: Մենք տարբեր մարդիկ ենք, մեր աշխարհընկալումները մասամբ տարբեր են, բայց մեզ միավորում է ընդհանուր ցավը…»։

Առավել թարմ օրինակ. 2007թ. իր վերադարձի մասին ազդարարելուց հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համագործակցության ձեռք մեկնեց ՀՅԴ-ին՝ քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում առաջինը այցելեց հենց ՀՅԴ գրասենյակ, այն դեպքում, երբ նույն Տեր-Պետրոսյանը 1994թ. դեկտեմբերին Հայաստանում արգելեց ՀՅԴ-ի գործունեությունը: Ճիշտ է՝ Տեր-Պետրոսյան-ՀՅԴ համագործակցությունը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ չկայացավ, բայց վաղեմի հակառակորդների հանդիպումը և նույն սեղանի շուրջ նստելը քաղաքականության մեջ նորմալ ընկալվեց:

Տեր-Պետրոսյանը նման մի հանդիպում էլ ունեցավ Վազգեն Մանուկյանի հետ, որը 1996թ. ընտրություններում նրա հիմնական մրցակիցն էր և չընդունեց վիճելի ընտրությունների արդյունքները:

Նշված իրողություններն ու դերակատարները ներկա գործընթացների հետ համեմատության առումով նույնական չեն, սակայն բովանդակային մասով շատ նման են:

Փոքր Մհերին մի՛ սպասեք

Մյուս կողմից ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը մոլի քննադատողների մեջ կան մարդիկ, ովքեր 2011թ. գարնանը, երբ սկսվեց Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան միջնորդավորված երկխոսությունը, կա՛մ լռում էին, կա՛մ պաշտպանում և գովաբանում այդ երկխոսությունը: Նրանց մոտ վորդովմունք չէր առաջանում, թե ինչպես կարելի է երկխոսել մի ուժի հետ, որը հենց իրենց կողմից մեղադրվում էր ամենատարբեր հանցագործությունների և Մարտի 1-ի տասը զորհերի գնով իշխանություն բռնազավթելու մեջ: Ի դեպ, ՀԱԿ-ՀՀԿ երկխոսության արդյունքում հնարավոր եղավ ազատ արձակել 2008թ. հետընտրական իրադարձությունների արդյունքում բանտերում հայտնված քաղաքացիներին: Փոխարենը, այդ երկխոսությունը բացասական անդրադարձավ ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանրային հեղինակության վրա:

Որքան էլ ցավալի լինի արձանագրելը, երկակի ստանդարտների կիրառությունը քաղաքականության մեջ ոչ թե բացառություն է, այլ օրինաչափություն, իսկ քաղաքականությունն էլ հնարավորությունների արվեստ է, որտեղ դերակատարները ոչ թե լուսապսակով սրբեր են, այլ սովորական մարդիկ: Նրանցից որոշները փորձում են անձնական, կուսակացական շահերը համադրել պետական շահերի հետ, որոշները քաղաքական առևտուր են անում, որոշներն էլ հարստահարում են պետությանը և նրա ժողովրդին:

Վերջապես պետք է ազատվել Փոքր Մհերին սպասելու սինդրոմից, որ ուր որ է նա սպիտակ ձիու վրա նստած դուրս կգա Ագռավաքարից և հայոց գահին բազմելով՝ բարեկեցություն ու ժողովրդավարություն կպարգևի հայաստանցիներին:

Յուրաքանչյուր իշխանություն հակված է այլասերման: Այլասերումը կանխելու համար անհրաժեշտ են քաղաքական հակակշիռներ և զսպիչ մեխանիզմեներ: Շատ դեպքերում այդ հակակշիռներն ու մեխանզիմները չունեն այն որակը, որը ցանկալի կլիներ տեսնել: Եթե քննադատվում է այդպիսի հակակշիռ ձևավորելու գործընթացը, ապա պետք է առաջարկվեն արդյունավետ այլ հակակշիռներ: Ներկայում դա չի արվում, ինչով էլ գործող իշխանություններին այլասերվելու և ժողովրդին հարստահարելու քարտ-բլանշ է տրվում:

Մեկնաբանել