Ղրիմում հանրաքվե է անցկացվում

Ղրիմում մարտի 16-ին թերակղզու կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե է անցկացվում: Ընտրատեսամասերը տեղի ժամանակով 08:00-ին [Երևանի ժամանակով 10:00-ին] բացվել են: Քվեարկությունը կտևի 12 ժամ:

Մոտ 1,5 մլն քաղաքացու առաջ դրվելու է երկու հարց՝ «Դուք կո՞ղմ եք Ղրիմի՝ որպես ՌԴ սուբյեկտ Ռուսաստանին վերամիավորմանը» և «Դուք կո՞ղմ եք Ղրիմի Ինքնավար Հանրապետության՝ 1992թ․ Սահմանադրության վերականգնմանը և Ղրիմի՝ որպես Ուկրաինայի մաս կարգավիճակին»։

Ղրիմի Գերագույն խորհուրդը, որը նախաձեռնել է հանրաքվեն, խոստացել է ինքնալուծարվել, եթե ընտրողները նախընտրեն Ուկրաինայի մաս մնալ:

Սկզբնապես հանրաքվեն ծրագրվում էր անցկացնել մայիսի 25-ին և նախատեսվում էր ընդամենը մեկ հարց՝ ինքնավարության ընդլայնման մասին: Այնուհետև Գերագույն խորհուրդը երկու անգամ փոխեց քվեարկության ամսաթիվը՝ լրացնելով քվեաթերթիկները Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցով:

Հանրաքվեն անօրինական է ճանաչվել Ուկրաինայի Սահմանադրական դատարանի, Վենետիկյան հանձնաժողովի, Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից: Մարտի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձև էր ներկայացվել, որում առաջարկվում էր «ուժ չունեցող» հայտարարել Ղրիմի հանրաքվեն և կոչ անել բոլոր երկրների չճանաչել դրա արդյունքները: Սակայն Ռուսաստանը, օգտվելով վետոյի իր իրավունքից, խոչընդոտել էր բանաձևի ընդունմանը:

Մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հավանության էր արժանացրել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի օգտագործումը թույլատրելու խնդրանքը՝ մինչև այդ երկրում հասարակական-քաղաքական իրադրության կարգավորումը։

Մարտի 4-ին Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայում զորքեր օգտագործելու անհրաժեշտություն առայժմ չկա։ Նա նաև հերքել էր լուրերը, թե ռուսական զորքերն արդեն մտցվել են Ուկրաինա, քանի որ առանց տարբերակիչ նշանների զինվորականները, որոնք ներկայում Ղրիմում են, նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերին չեն պատկանում, այլ «տեղի ինքնապաշտպանության ուժերն են»։

Ուկրաինայի արտգործնախարարությունն ի պատասխան Ռուսաստանի նախագահին մեղադրել էր Ղրիմում դեպքերի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու մեջ։ Ուկրաինայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտարարել էր, որ թեև Պուտինը հերքում է Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի գտնվելու փաստը, բազմաթիվ տեսագրություններ հակառակն են հաստատում։

Մարտի 6-ին Ղրիմի Գերագույն ռադան Ղրիմի՝ որպես ՌԴ սուբյեկտ Ռուսաստանին միանալու որոշում էր ընդունել։

Իր գործողությունների հասցեին հնչած քննադատությանը Մոսկվան պատասխանում է, որ Ոկրաիանյում ճգնաժամը առաջացրել են սեփական իշխանությունները՝ փետրվարի 22-ին «անօրինական» կերպով հեռացնելով նախագահ Վիկտոր Յանուկովիչին:

Մինչև 1954թ. Ղրիմը եղել է Ռուսաստանի Դաշնության կազմում: Վերջին (2001թ.) մարդահամարի տվյալներով` բնակչության 58,5%-ը ռուսներ են, 24,4%-ը՝ ուկրաինացիներ, 12,1%-ը՝ թաթարներ:

Մեկնաբանել