Ղրիմի խորհրդարանը անկախության մասին որոշում է ընդունել

Ղրիմի Գերագույն ռադայի պատգամավորները ընդունել են որոշում «Ղրիմի անկախության մասին»։ Այս մասին ասված է Ղրիմի խորհրդարանի կայքում տեղադրված հաղորդագրությունում։

«Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն ռադայի՝ 2014թ․ մարտի 17-ի արտահերթ լիագումար նիստին ընդունվել է որոշում «Ղրիմի անկախության մասին»։ Կողմ է քվեարկել 85 պատգամավոր»,- նշված է հաղորդագրությունում։

Համաձայն որոշման՝ Ղրիմը հռչակվում է անկախ և սուվերեն պետություն՝ Ղրիմի Հանրապետություն, որում Սևաստոպոլ քաղաքն ունի հատուկ կարգավիճակ։

Խորհրդարանը նաև հանդես է եկել Ղրիմը որպես սուբյեկտ Ռուսաստանի Դաշնության կազմում ընգրկելու առաջարկով։

«Ղրիմի Հանրապետությունը՝ ի դեմս Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն ռադայի, դիմում է Ռուսաստանի Դաշնությանը՝ Ղրիմի Հանրապետությունը որպես ՌԴ նոր սուբյեկտ Ռուսաստանի կազմ ընդունելու առաջարկով»,- ասված է հաղորդագրությունում։

Տվյալ որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։

Ղրիմում մարտի 16-ին անցկացվել էր թերակղզու կարգավիճակի հարցով հանրաքվե, որը նախապես անօրինական էր ճանաչվել Կիևի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից։ Քաղաքացիների առաջ դրվել էր երկու հարց՝ «Դուք կո՞ղմ եք Ղրիմի՝ որպես ՌԴ սուբյեկտ Ռուսաստանին վերամիավորմանը» և «Դուք կո՞ղմ եք Ղրիմի Ինքնավար Հանրապետության՝ 1992թ․ Սահմանադրության վերականգնմանը և Ղրիմի՝ որպես Ուկրաինայի մաս կարգավիճակին»։

Ինչպես մարտի 17-ին հայտարարել է Ղրիմի Գերագույն ռադայի՝ հանրաքվեի կազմակերպման հարցերով հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մալիշևը, Ռուսաստանին միանալուն կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների 96,77%-ը՝ 1 մլն 233 հազ․ մարդ։

Հանրաքվեից հետո ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ միջազգային հանրությունը երբեք չեն ճանաչի Ուկրաինայի Սահմանադրությունը խախտող և Ռուսաստանի ռազմական ինտերվենցիայի ճնշման ներքո ընթացած «հանրաքվեն»։

Հանրաքվեի արդյունքները չճանաչելու մասին հայտարարել են նաև Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան։

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի համատեղ հայտարարությունում ասված է, որ Ղրիմի հանրաքվեն անօրինական է, և դրա արդյունքները երբեք չեն ճանաչվի։

Մեկնաբանել