Ղրիմ և Ղարաբաղ. զուգահեռներ

ղրիմ

Ղրիմյան ճգնաժամ

Ղրիմյան ճգնաժամի ընթացքում Հայաստանում քննարկումներ ու բանավեճեր են ծավալվում, թե որքանով է Ղրիմի խնդիրը նման Լեռնային Ղարաբաղի խնդրին, և ինչ դիրքորոշում պետք է որդեգրի պաշտոնական Երևանը։ Պատմական գործընթացներին հետադարձ հայացք գցելով՝ փորձենք հասկանալ Ղրիմի և Արցախի նմանություններն ու տարբերությունները։

1921թ. հուլիսի 5-ին Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության հեղափոխական ռազմական խորհրդի անդամ Իոսիֆ Ստալինի մասնակցությամբ և կոշտ միջամտությամբ Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոն որոշում կայացրեց հայկական պատմական տարածք հանդիսացող Լեռնային Ղարաբաղն ընդգրկել Խորհրդային Ադրբեջանի կազմում: Կովբյուրոի որոշումը հիմնավորվում էր հետևյալ կերպ. «Ելնելով մուսուլմանների և հայերի միջև խաղաղության անհրաժեշտությունից և Վերին ու Ներքին Ղարաբաղի տնտեսական կապերից, Ադրբեջանի հետ նրա մշտական կապերից՝ Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում՝ շնորհելով նրան լայն մարզային ինքնավարություն՝ վարչական կենտրոն Շուշայով»:

Ստալինի կամայական որոշման հետևանքով Լեռնային Ղարաբաղը հայտնվեց Ադրբեջանի կազմում, արդյունքում այդ կամայականությունը վերածվեց ժողովրդագրական ականի, որը պայթեց շուրջ 70 տարի հետո:

Ղրիմի թերակղզի

Ղրիմի թերակղզին ռուսները դիտարկում են որպես իրենց պատմական տարածք, չնայած այն բանին, որ Ղրիմը Ռուսական կայսրության մեջ ընդգրկվել է ընդամենը 231 տարի առաջ՝ 1783թ., Եկատերինա Երկրորդ կայսրուհու օրոք: Այդ ժամանակվանից Ղրիմը եղել է Ռուսաստանի անբաժանելի մասը: Սակայն Երկրորդ համաշխարահային պատերազմից հետո 1954թ. փետրվարի 19-ին ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահությունը հրապարակեց հրամանագիր՝ «Ղրիմի մարզը ՌՍՖՍՀ-ի կազմից դուրս բերելու և ՈՒՍՍՀ-ն կազմի մեջ ընդգրկելու մասին»: Ղրիմը Ուկրաինայի կազմում ընդգրկելու նախաձեռնությունը վերագրվում է խորհրդային առաջնորդ Նիկիտա Խրուշչովին: Հատկանշական է, որ ինչպես Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ընդգրկելու դեպքում, այնպես էլ Ղրիմը Ուկրաինայի կազմում ընդգրկելու ժամանակ տեղի բանկչության շրջանում հանրաքվե չի անցկացվել:

Ղրիմը Ուկրաինայի կազմում ընդգրկելու որոշման հիմանավորումը («Հաշվի առնելով տնտեսության ընդհանրությունը, տարածքային մոտիկությունը, Ուկրաինայի ու Ղրիմի միջև սերտ կենցաղային ու մշակութային կապերը») շատ նման է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ընդգրկելու Կովբյուրոյի հիմնավորմանը:

Խորհրդային Միության փլուզումից հետո Ղրիմը որպես ինքնավար հանրապետություն մնաց Ուկրաինայի կազմում, իսկ Լեռնային Ղարաբաղը Միության վերջին տարիներին իրավական, այնուհետև ռազմական ճանապարհով սկսեց անկախության նվաճման գործընթացը:

1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու վճռի մասին և խնդրագրեր ուղարկեցին Երևան և Բաքու։ Պաշտոնական Բաքուն և Մոսկվան հրաժարվեցին խնդրագրերը բավարարել։ 1991թ. ԼՂԻՄ-ի և հարևան Շահումյանի շրջանի իշխանությունները հռչակեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ)։ 1991թ. դեկտեմբերի 20-ին բնակչության մեջ հանրաքվե է անցկացվեց, արցախցիները քվեարկեցին անկախության օգտին։ Նույն թվականի հունվարի 6-ին ԼՂՀ-ն պաշտոնապես իրեն անկախ հռչակեց։

Մենք՝ հայերս, ԼՂՀ-ի անկախությունը համարում ենք պատմական արդարության վերկանգնում, ինչպես և ռուսներն են այժմ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելը գնհատում պատմական անարդարության ուղղում:

Ղրիմի անջատումը Ուկրաինայից

Ռուսաստանի նախաձեռնությամբ Ղրիմի անջատումը Ուկրաինայից կրկին բավականին նման է Լեռնային Ղարաբաղի անկախացման գործընթացին: Ուկրաինայում 2014թ. փետրվարի 21-ին տեղի ունեցած հեղափոխությունից և նախագահ Վիկտոր Յանուկովիչի փախուստից հետո Ռուսաստանը սկսեց Ղրիմի անջատման օպերացիան:

Մարտի 6-ին Ղրիմի բաձրագույն խորհուրդը որոշում ընդունեց Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին և դիմեց ՌԴ նախագահին և ՌԴ Դաշնային խորհրդին Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելու համար:

Մարտի 11-ին Ղրիմի խորհրդարանը ընդունեց Ղրիմի անկախության հռչակագիրը: Մարտի 16-ին Ղրմիմում տեղի ունեցավ հանրաքվե, որի արդյունքում թերակղզու բնակչության 90 տոկոսից ավելին արտահայտվեց Ուկրաինայի կազմից դուրս գալու և Ռուսաստանի կազմի մեջ մտնելու օգտին:

Մարտի 17-ին Ղրիմի իշխանությունները հանրաքվեի արդյունքների հիման վրա հայտարարեցին թերակղզու անկախության մասին: Իսկ մարտի 18-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը ստորագրեցին Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունելու և Ռուսաստանի Դաշնության կազմում նոր սուբյեկտների ձևավորման մասին պայմանագիրը։

Ղրիմի և ԼՂՀ-ի տարբերությունն այն է, որ ԼՂՀ-ն միջազգային հանրության կողմից չճանաչված անկախ հանրապետություն է, իսկ Ղրիմի թերակղզին անկախության փոխարեն ընդգրկվում է ՌԴ-ի կազմի մեջ, և գործընթացը կրկին չի ընդունվում միջազգային հանրության կողմից: Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի սկզբունքային նմանությունն այն է, որ երկու դեպքում էլ խորհրդային շրջանում այլ պետության կազմի մեջ ընդգրկելու ժամանակ խախտվել է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը: Նրանց ճակատարգրերը որոշվել է խորհրդային առաջնորդների կամայականություններով: Ղարաբաղի և Ղրիմի կարգավիճակի փոփոխությունը, սակայն, տեղի է ունենում ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա՝ հանրաքվեի միջոցով: Այլ խնդիր է, որ Արևմուտքը լեգիտիմ չի համարում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն:

Պաշտոնական Երևանն ապագայում անպայման պետք է օգտագործի Ղրիմի, ինչպես նաև Կոսովոյի նախադեպերը՝ որպես ազգային ինքնորոշման իրավունքի դրսևորում, ինչը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում կուժեղացնի Հայաստանի դիրքերը:

Մեկնաբանել