Նեղն է Տիգրան Սարգսյանը

Մարտի 19-ին կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ներկայացուցիչներին հրավիրել է երկխոսության: «Մենք ընդունում ենք, որ մեր օրենքները՝ ամենաբարդ օրենքները, չեն կարող լինել առանց թերությունների: Բնականաբար կան թերություններ, որոնց վրա մատնանշում են մեր ընդդիմախոսները: Մենք հայտարարում ենք, որ ճիշտ ճանապարհը երկխոսության ճանապարհն է ու հրավիրում ենք «Դ!ԵՄ ԵՄ» շարժման ներկայացուցիչներին երկխոսության: Կամ ամեն ինչ, կամ ոչինչ սկզբունքից հրաժարումը օգտակար կլինի բոլորիս համար: Կարծում եմ, որ «Դ!ԵՄ ԵՄ»-ը պետք է վերաձևավորվի ու դառնա հանուն մեր երկրի ապագայի ու մեր երկրի բարեփոխումների նախաձեռնություն»,- ասել է Տիգրան Սրագսյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում քաղաքացիական հասարակություն է ձևավորվում, և իրենք պետք է օժանդակեն դրան:

Քաղաքացիական հասարակության ձևավորմանն օժանդակելու Տիգրան Սարգսյանի հայտարարությունը մեղմ ասած պոպուլիստական է: Քաղաքացիական հասարակության կայացմանն օժանդակում են ոչ թե հայտարարություններով, այլ շատ կոնկրետ գործերով, որոնցից առաջինը տնտեսական բարեկեցության և ազատ մրցակցային դաշտի ապահովումն է։ Հետևողականորեն աղքատացող և լյումպենացվող հասարակության մեջ գերմոնոպոլիզացված և «ատկատահեն» տնտեսության պայմաններում քաղաքացիական հասարակության ձևավորման օժանդակության կոչերը ոչ այլ ինչ են, քան կենաց: Մյուս կողմից, կայացած քաղաքացիական հասարակությունը հազիվ թե վարչապետի պաշտոնում հադուրժեր մի մարդու, որը կասկածելի հիմնավորումներով վաճառել է Հայաստանի ոսկու պաշարները, որի վարչապետության օրոք Հայաստանը ունեցել է աշխարհում ամենաբարձր տնտեսական անկումը (ըստ վերջին տվյալների՝ ավելի քան 18 տոկոս), մի գիշերվա ընթացքում շուրջ 30 տոկոսով արժեզրկել է ազգային արժույթը, իրականություն չի դարձրել խոստացված և ոչ մի մասշտաբային նախագիծ, գրեթե եռապատկել է պետական պարտքը, թաթախված է եղել «օֆշորային» կասկածելի գործարքների մեջ, շուրջ երկու տարի հասարակությունից գաղտնի է պահել ներկրվող ռուսական գազի թանկացման փաստը՝ արդյունքում կուտակելով 300 միլիոն դոլարի պարտք, ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ կնքել է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին հակասող և երկրի ինքնիշխանությունը սահմանափակող պայմանագիր, նախաձեռնել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցումը, որը այդ նույն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները որակում են քաղաքացիների կազմակերպված կողոպուտ: Շարքը կարելի է երկար թվել:

Ինչ վերաբերում է «Դ!ԵՄ ԵՄ» շարժման ներկայացուցիչների հետ երկխոսությանը, ապա այդ մասին Տիգրան Սարգսյանը պետք է մտածեր մինչև վիճահարույց օրենքը ԱԺ-ի հաստատմանը ներկայացնելը: Եթե ՀՀԿ-ական վարչապետը իրեն դիրքավորում է որպես քաղաքացիական հասարակության ջատագով, ապա պետք է գիտակցեր, որ նախքան աղմկահարույց փոփոխությունը անհրաժեշտ էր կազմակերպել հանրային լսումներ այդ նույն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և տարբեր սոցիալական խբերի մասնակցությամբ և վերջնական որոշումը պետք է կայացվեր հանրային համաձայնության հասնելուց հետո միայն:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցման վերաբերյալ օրենքն ընդունելուց և այն կիրառման մեջ դնելուց հետո Տիգրան Սրագսյանի կողմից օրենքի շուրջ երկխոսության կոչը խիստ ժամանակավրեպ և կասկածելի է:

Երկխոսություն նախաձեռնելով գործող վարչապետը փորձելու է հանրային դժգոհության ալիքը իջեցնել, ժամանակ շահել մանևրումների համար, իսկ այնուհետև առանց որևէ դիմադրության ոչ էական զիջումներով հաջողությամբ ավարտել աշխատավարձերի 5 տոկոսը բռնագանձելու օպերացիան:

Մյուս կողմից, խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քաղաքական ճնշումը կառավարության հրաժարականի պահանջով և «Դ!ԵՄ ԵՄ»-ի շարժման քաղաքացիական դիմադրության արդյունավետ կազմակերպումը իրականում շատ նեղ վիճակի մեջ են դրել վարչապետ Տիգրան Սրագսյանին, և նրան երկխոսության է մղում քաղաքական ու քաղաքացիական մեկուսացումից դուրս պրծնելու ցանկությունը:

Մեկնաբանել