Պատասխան Բրիտանիայի դեսպանին

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը իր բլոգում արած վերջին գրառումում` Ղրիմի ճգնաժամի մասին, ասել է, թե Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև մի շարք երկկողմ ու բազմակողմ համաձայնագրեր, խախտվել են:

Փաստացի, Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքի սկզբունքներ ու համաձայնագրեր: Խախտված համաձայնագրերից մեկով Մեծ Բրիտանիան պարտավորություններ ունի Ուկրաինայի նկատմամբ և պարտավոր է պաշտպանել այդ երկրի տարածքային ամբողջականությունը։

1994թ. Բուդապեշտի հուշագրի համաձայն՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը պարտավորվել էին հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ձեռնպահ մնալ վերջինիս նկատմամբ ուժ կիրառելուց, ինչպես նաև քայլեր ձեռնարկել՝ հուշագրի պարտավորությունների հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում: Արևմուտքը համոզել է Կիևին հանձնել միջուկային զենքը և անվտանգության երաշխիքներ տվել, սակայն այսօր, երբ ռուսական զորքն Ուկրաինայի տարածքում է, համաձայնագրի կողմերից ոչ մեկը շոշափելի քայլեր չի ձեռնարկում, որպեսզի չեզոքացնի վերջինիս համար ստեղծված վտանգը։

Մեծ Բրիտանիան՝ որպես այդ հուշագրի կողմ, չի կատարում իր պարտավորությունները՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ: Փաստացի, մենք մեկ հավելյալ անգամ տեսնում ենք, որ միջազգային հարաբերություններում կարևոր դեր է խաղում ուժը:

Թուկիդիդեսի նկարագրած մելոսյան երկխոսությունից մինչև մեր օրերը շատ բան չի փոխվել: Այսօր էլ խնդիրն ուժերի հավասարակշռությունն է, քանի որ հզորներն անում են այն, ինչ կարող են, իսկ թույլերն այն, ինչը պարտավոր են: Եթե Մեծ Բրիտանիան՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին չհամոզեր Ուկրաինային հանձնել իր միջուկային զենքը, հնարավոր է՝ այսօր Ռուսաստանը ուժ չկիրառեր Ուկրաինայի նկատմամբ:

Ղրիմի շուրջ ընթացող գործընթացը ցույց է տալիս, որ Արցախը չի կարող վստահել միջազգային հանրության երաշխիքներին: Օրերս Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդիքը հայտարարել է, որ Հայաստանը պետք է դուրս գա Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքներից և հողերը վերադարձնի Ադրբեջանին: Իրականում այդ հողերն Արցախի անվտանգության երաշխիքն են, և չի կարելի բացառել, որ դրանց վերադարձից հետո Ադրբեջանը չի կրկնի այն ամենը, ինչը արել է 1988թ.՝ ղարաբաղյան շարժման առաջին օրերից:

Ազատագրված տարածքներն Արցախի անվտանգության երաշխիքն են, ինչպիսին ատոմային ռումբը կարող էր լիներ Ուկրաինայի համար:

Դեսպան Սիդիքը խոսել է նաև Շոտլանդիայի հանրաքվեյի մասին: Ցանկալի կլիներ, որ Ադրբեջանում լինեին ժողովրդավարական այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք գործում են Մեծ Բրիտանիայում, որոնք թույլ կտային ապահովել նույնանման հանրաքվե Արցախում 1988թ., ինչն էլ իր հերթին կբացառեր պատերազմը:

1991թ. արցախցիները կազմակերպել և իրականացրել են հանրաքվե, որի արդյունքներն ամբողջ աշխարհին հայտնի են: Ավելին՝ Դեյվիդ Քեմերոնն ի տարբերություն Իլհամ Ալիևի՝ չի հայտարարում, որ կոչնչացնի շոտլանդացիներին։

Պելոպոնեսյան պատերազմից մինչև մեր օրերը ուժերի հավասարակշռությունը եղել և մնում է խաղաղության հիմնական գրավականը: Հաճախ պետությունների քայլերը՝ միջազգային իրավունքին համապատասխան, հանգեցրել են ոչ թե խաղաղության, այլ պատերազմի:

Արցախում հասկանում են, որ խաղաղության իրական երաշխիքները չի կարելի փոխարինել թղթի վրա գրված երաշխիքներով:

Մեկնաբանել