Հռոմի պապից կաթոլիկ

Մարտի 19-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ «Զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»,- ասված է ՀՀ նախագահի պաշտոնական էջի հաղորդագրությունում:

Հատկանշական է, որ հեռախոսազրույցի վերաբերյալ Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը բավական սուղ տեղեկատվություն է տալիս: Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է ընդամենը, որ նախագահները մտքեր են փոխանակել Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի՝ ՌԴ-ի հետ վերամիավորման թեմայով: Ռուսական կողմը համեստորեն շրջանցում է այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը փաստացի պաշտոնապես ճանաչում է Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին, առնվազն՝ այդ հարցում վերապահումներ չունի:

Տրամաբանությունը հուշում է, որ հենց ռուսական կողմը պետք է շահագրգռված լիներ այդ տեղեկատվության հրապարակման համար, այլ ոչ թե հայկական կողմը: Սակայն իրողությունն այն է, որ ՀՀ նախագահականն է շեշտում միջազգային հանրության կողմից մերժված Ղրիմի հանրաքվեի օրինականությունը, իսկ ռուսական կողմը այդ փաստին որևէ կարևորություն չի տալիս:

Փաստացի Ռուսաստանն այնքան արժեզրկված է գնահատում Հայաստանի միջազգային հեղնակությունը, որ նույնիսկ հարկ չի համարում զուտ միջազգային աջակցության պատրանք ստեղծելու համար պաշտոնապես տեղեկացնել ՀՀ գործող նախագահի դիրքորոշման մասին:

Համեմատության համար նշենք, որ 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո, երբ Ռուսաստանի նախաձեռնությամբ անկախացած, սակայն միջազգայնորեն չճանաչված Աբխազիայի Հանրապետությունը 2011թ. պաշտոնապես ճանաչվեց խաղաղօվկիանոսյան Վանուատու կղզի-պետության կողմից, պաշտոնական Կրեմլը և ռուսական լրատվամիջոցները Աբխազիայի միջազգային ճանաչման թեմայով իսկական փիար արշավ կազմակերպեցին:

Ռուսական կողմի պահվածքը հուշում է, Սերժ Սարգսյանը Պուտինին հաճոյանալու համար չպահանջված և չարդարացված ծառայություններ է մատուցում: Սակայն մտահոգիչ է ոչ թե ռուսական կողմի արհամարհական վերաբերմունքը, այլ այն, որ Սարգսյանը կրկին Հայաստանի միջազգային հեղինակությանն ու պետական շահին հարվածող քայլ է կատարում: Ամենատարօրինակն այն է, որ այդ քայլը կատարվում է Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ. նրան որևէ մեկը չի ստիպել և չի պարտադրել նման հայտարարություն անել:

Իհարկե, հայկական կողմը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում պետք է օգտագործի Ղրիմի դեպքը՝ որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման օրինակ, սակայն՝ ոչ հիմա և ոչ կացնային մեթոդներով ու Հռոմի պապից ավելի կաթոլիկ դառնալով։

Ռուսաստան-Արևմուտք ներկայիս սուր դիմակայության պայմաններում Սարգսյանի բացարձակ ռուսամետ դիրքորոշումը իրավիճակին համարժեք չէ: Ի՞նչ կարիք կա այս փուլում Արևմուտքին Հայաստանի դեմ տրամադրել և չհիմնավորված լարվածություն մտցնել Հայաստան-Ուկրաինա հարաբերություններում:

Ղրիմի ճգնաժամի հետ կապված Հայաստանի համար օրինակելի պետք է լիներ Իսրայելի չեզոք դիրքորոշումը, որը հարցի հետ կապված խուսափում է որևէ դիրքորոշում հայտնել: Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ իրենց համար ճիշտ հետևությունն «այդ շիլայի մեջ չմտնելն է, այնտեղ, ուր մեզ չեն հրավիրում»։ «Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք ռուսական կողմի, ամերիկացիների հետ, մենք նաև կապեր ենք պահպանում Ուկրաինայի ղեկավարության հետ»,- ասել է նա:

Մեկնաբանել