Որտեղ է ավարտվում ստեղծագործական ազատությունն ու սկսվում Ցեղասպանությունը

Կոնստանցում բանավեճի տեղիք տված՝ «Վերջին մտքի հեքիաթը» ներկայացման պաստառը։

Գերմանիայի Կոնստանց քաղաքում Էդգար Հիլզենրաթի «Վերջին մտքի հեքիաթը» վեպի հիման վրա բեմադրվող համանուն ներկայացումը, Առաջին աշխարհամարտի տարիներին Հայոց ցեղասպանության մասին, բուռն բանավեճերի ու ցույցերի տեղիք է տվել. միջամտել է անգամ Կարլսրուհում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը։ Գերմանական Südkurier պարբերականը, իր «Պրեմիերա ոստիկանական ուժերի պաշտպանության ներքո» հոդվածում անդրադառնալով բեմադրության շուրջ ծավալվող իրադարձություններին, փորձում է պարզել, թե որքա՞ն հեռու կարող է գնալ արվեստը։

Պրեմիերա ոստիկանական ուժերի պաշտպանության ներքո

Südkurier-ը գրում է. «Եթե դուք այսօր (մարտի 21) երեկոյան ժամը 19։30-ին եկել եք «Վերջին մտքի հեքիաթը» ներկայացման պրեմիերային, ապա Քաղաքային թատրոնի սպասասրահում միայնակ չեք լինելու։ Այստեղ լինելու են ինչպես համազգեստավոր ոստիկաններ, այնպես էլ թուրք ցուցարարներ։ Վերջին օրերին այս ներկայացումը իսկական խառնաշփոթ է առաջացրել. և սա այն դեպքում, երբ դեռ ոչ ոք այն չի տեսել։

Ռեժիսոր Մարիո Պորտմանի (Mario Portmann) բեմադրությունը հիմնվում է Էդգար Հիլզենրաթի համանուն վեպի վրա ու պատմում է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հարյուրհազարավոր հայերի ջարդերի մասին։ Թե ինչ նուրբ է այս թեման – տարիներ շարունակ Հայաստանը ու Թուրքիան վիճում են, թե արդյոք այս իրադարձությունները կարելի է ցեղասպանություն որակել – Քաղաքային թատրոնը արդեն հասկացել է։

Շաբաթվա ընթացքում թատրոնը բազմաթիվ նամակներ է ստացել։ Ու ինչպես վստահեցնում է թատրոնի գլխավոր բեմադրիչ Թոմաս Շպիկերմանը (Thomas Spieckermann)՝ տարբեր տոնայնությամբ։ Թուրքական համայնքում զայրույթն այն աստիճանի է հասել, որ նրանք պրեմիերայի երեկոյան բողոքի ցույցի մասին են իրազեկել։

«Առաջին անգամ մենք թատրոնում պրեմիերա ենք անելու ոստիկանական ուժերի պաշտպանության ներքո։ Հավատացեք, սա տարօրինակ զգացում է՝ հնարավոր չէ գուշակել, թե ինչ տեղի կունենա»,- ասում է Շպիկերմանը։ Չորեքշաբթի երեկոյան թատրոնի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ թատրոնի վրա անգամ ճնշում է գործադրվել՝ խաղացանկից հանելու ներկայացումը։

«Թատրոնին ուղղված էլ. նամակներից մեկում ասվում էր, որ թատրոնը գտնվում է հայկական քարոզչության ազդեցության տակ և նամակում քաղաքավարի խնդրվում էր ներկայացումը հանել խաղացանկից»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ուսանող Տուգրուլ Արասի (Tugrul Aras) մոտ նման ձևակերպումները զարմանի տեղիք են տվել։ «Սա մեր մասին չէ, որովհետև մենք այդպիսի բան ընդհանրապես չենք պահանջել»,- ասում է Կոնստանցի թուրքական համայնքի անդամը։ Էմրե Էրդյոնմեցի (Emre Erdönmez) հետ միասին նա կոչ է անում մասնակցել այսօր երեկոյան նախատեսվող ցույցին։ «Մեզ ավելի շատ զայրացրել է բեմադրության պաստառը։ Մեզ համար այն սադրիչ է, ու խոցում է մեր արժանապատվությունն ու հպարտությունը»,- ասում է Արասը։

Պաստառի վրա Թուրքիայում չափազանց ծանոթ մի նկար է – սպանված լրագրող Հրանտ Դինքի ծածկված դիակը։ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող այս հայը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին, փողոցում։ Պաստառում այս նկարի վրա ծածանվում է թուրքական դրոշը, համեմված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից մի մեջբերումով («Մեր պատմության մեջ ցեղասպանություն չի եղել»)։

Տուգրուլ Արասի համար սա արդեն չափազանց է։ «Մենք չենք ուզում, որ մեր դրոշը ծածանվի ինչ-որ դիակի վրա»,- պաստառի հետ ունեցած իր խնդիրը բացատրում է նա։ Նրա համար խոսքը ոչ թե ներկայացման արգելքի, այլ միայն պաստառը հեռացնելու մասին է։ «Մենք ուրախ ենք, որ պարոն Նիքսը ըմբռնում ցուցաբերեց ու կարգադրեց հեռացնել պաստառները»,- ավելացնում է նա։

Իրոք, Քաղաքային թատրոնը վերջին օրերին նման քայլի է գնացել։ «Մենք չենք ուզում վիրավորել կամ ցավ պատճառել որևէ մեկին. այդ իսկ պատճառով ընդառաջել ենք թուրքական համայնքի ցանկությանը»,- ասում է գլխավոր բեմադրիչ Թոմաս Շպիկերմանը։

Սակայն սա ցուցարարների միակ ցանկությունը չէ, որին ընդառաջել է թատրոնը։ Երբ բանավեճին միջամտեց Կարլսրուհում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը, զգուշացնելով որ սա իրադարձությունների միակողմանի արտահայտություն է, Քաղաքային թատրոնի կայքում տեղադրվեց գլխավոր հյուպատոս Սերհաթ Ակսենի (Serhat Aksen) հայտարարությունը, որում նա պաշտպանվում է նաև և առաջ «Ցեղասպանություն» ձևակերպումից։ «Դատական ոչ մի վճիռ չկա, որը 1915թ. իրադարձությունները որակում է որպես ցեղասպանություն, այդ իսկ պատճառով դրանք չեն կարող նաև այդպիսին անվանվել»։ Իր դիրքորոշման մեջ գլխավոր հյուպատոսը հավելում է. «Այդ իսկ պատճառով մեր նպատակն է բարձրաձայնել, որ 1915թ. իրադարձությունները դեռ ենթակա են իրավական ու ակադեմիական քննարկումների ու հոգ տանել, որ թատերասեր հանրությունը ևս տեղյակ լինի այս մասին»։ Քաղաքային թատրոնը, փաստորեն, իր այցելուների համար հասանելի է դարձնել հյուպատոսի տեղեկությունները։

Այդուհանդերձ, ներկայացումը մնալու է թատրոնի խաղացանկում։ «Ամեն ինչ մնալու է ինչպես կա։ Մնացածը միջամտություն է ստեղծագործականը ազատությանը», ասում է Թոմաս Շպիկերմանը։

Սա ընդունում են նաև Տուգրուլ Արասն ու Էմրե Էրդյոմեցը։ Սակայն նրանք այսօր հանդիպելու են ժամը 18-ից Քաղաքային այգում, ավելի ուշ շարժվելի դեպի թատրոն՝ բողոքի ցույցի։ «Ամեն ինչ լինելու առանց բռնի ուժի կիրառման, մենք ուզում ենք խաղաղ տեղեկացնել մեր հայացքների մասին»,- ասում է Արասը։ Հարցին, թե արդյոք պատրաստվում է նա դիտել բեմադրությունը, Արասը պատասխանում է. «Հաճույքով, հուսամ ես կկարողանամ տոմս ձեռք բերել»։

Թուրքիան պիտի առերեսվի իր անցյալի հետ

«Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Եվրոպայի և արտաքին հարաբերությունների դաշնային նախարար Պետեր Ֆրիդրիխը ներկայացման պրեմիերան սկզբում որպես անհատ էր դիտելու, սակայն թեժացող բանավեճի պայմաններում սա արդեն քաղաքական երանգ է ստանում»,- նախարարի հետ իր զրույցը մեկնաբանում է գերմանական օրաթերթը։

– Պրն նախարար, Քաղաքային թատրոնը խիզախե՞լ է՝ բեմադրության հիմքում ընտրելով այս թեման։

– Զուտ բեմադրության մասին դեռ վաղ է խոսել, որովհետև այն դեռ ոչ ոք չի տեսել։ Սակայն թատրոնը հենց այսպիսի՝ անցյալը հաղթահարելու շուրջ խնդիրներ պետք է վեր հանի։ Եվ տեղին չի լինի, եթե այժմ փորձ կատարվի միջամտել ստեղծագործական ազատությանը։

– Կարլսրուհում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը զգուշանում է, որ սա թեմայի միակողմանի ներկայացում է։ Ձեր համար ընկալելի՞ է նման մոտեցումը։

– Թատրոնի մեղադրել միակողմանիության մեջ, ես ճիշտ չեմ համարում։ Հանրային քննարկում կազմակերպելու թատրոնի մտադրությունը ցույց է տալիս, որ թատրոնն ուզում է այս թեման շատ ավելի լայն շրջանակներում ներկայացնել։

– Այժմ շատ է խոսվում Ցեղասպանություն եզրույթի շուրջ։ Ի՞նչ եք կարծում, անցյալը հաղթահարելու ճիշտ ճանապարհը դա՞ է, ինչպե՞ս վարվել այս դեպքում։

– Ցեղասպանություն եզրույթի շուրջ իրավաբանական վեճը հազիվ թե օգնի։ Թուրքիան էլ պիտի առերեսվի իր անցյալի հետ։

– Անցյալի հետ Թուրքիայի հարաբերությունները ինչպես կարող են ազդել Եվրամիությանը նրա անդամակցության վրա։

– ԵՄ անդամակցության հարցում կարևոր է, թե ինչպես է Թուրքիան վերաբերվում փոքրամասնությունների, խղճի և խոսքի ազատության պատշպանությանը։ Այն, ինչ կատարվում է այս ուղղությամբ, մեզ համար առայժմ բավարար չէ։

Վիճելու տեղ չկա, սա ցեղասպանություն էր

Գերմանա-հայկական ընկերակցության ղեկավար Րաֆֆի Քանդյանը ՍիվիլՆեթին մեկնաբանելով ներկայացման շուրջ ծավալվող իրավիճակը, մեջբերեց Էդգար Հիլզենրաթին. «Վիճելու տեղ չկա. սա ցեղասպանություն էր»։ Հենց այսպիսի ձևակերպմամբ էր ներկայացման հիմքում դրված վեպի հեղինակը արձագանքել թուրքական համայնքի ցույցերին ու գլխավոր հյուպատոսի միջամտության փորձերին։

Քանդյանը ողջունեց այս հարցում թատրոնի ու դաշնային նախարարի դիրքորոշումը։ «Ողջունելի է, որ թատրոնը իր դիրքերը պահում է. կարող էր և տեղի տալ»,- ասաց Քանդյանը, հավելելով, որ այս ամենը խոսում է այն մասին, որ ընթացք չեն տրվելու այն ճնշումներին, որոնք բանեցվում թուրքական համայնքի ու հյուպատոսի կողմից։

Թեմայի շուրջ

Կոնստանցի թատրոնը փորձում է թեմային ավելի լայն հնչեղություն հաղորդել։ Ապրիլի 13-ին, կիրակի, ժ.20:00-ին, Քաղաքային թատրոնում բանավեճ է լինելու։ «1915. Հայոց Ցեղասապանություն – պատմական բաց» խորագրով կլոր սեղանին մասնակցելու են Սեյհան Բայրաքթարը, Էրդալ Դողանը, Բագրատ Էստուկյանը (Ակօս-ի խմբագրություն), Րաֆֆի Քանդյանը (Գերմանա-հայկական ընկերակցություն), Քեմալ Յալչին (գրող), բանավեճը վարելու է Վոլֆգանգ Քոյդլը (Süddeutsche Zeitung-ի շվեյցարիայի թղթակից)։ Մինչ այդ, (ժ. 18:00-ին) ցուցադրվելու է Aghet – ein Völkermord (Աղետ. Ցեղասպանություն) ֆիլմը։

Մարատ Յավրումյան

Մեկնաբանել