Պարանոյա

ՀՀ կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին մասնակցելու նպատակով Բրյուսելում գտնվող Տիգրան Սարգսյանը, մարտի 20-ին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գրասենյակում խոսելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարի մասին, վերահաստատել է ՀՀ իշխանությունների քաղաքական դիրքորոշումը, ըստ որի` ՀՀ-ն իր արտաքին հարաբերությունների դոկտրինում ամրագրել է հարաբերությունների հավասարակշռված բարելավում բոլոր գործընկերների հետ՝ ոչ ի հաշիվ մեկը մյուսի։ Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշել է, որ ««կամ-կամ»-ի սկզբունքը Հայաստանի համար անընդունելի է, և առավել ընդունելի մոտեցումն է հարաբերությունները կառուցել փոխլրացման սկզբունքով»։

ՀՀ արտաքին քաղաքական դոկտրինը վկայակոչող, հարաբերությունների հավասարկշռման ու փոխլրացման սկզբունքներին հղում անող և արտաքին քաղաքականության մեջ «կամ-կամ»-ի սկզբունքը մերժող Տիգրան Սարգսյանի հայտարարությունները սկզբունքորեն որևէ կապ չունեն իրականության հետ։ Իսկ իրականությունն այն է, որ 2013թ. սեպտերմբերի 3-ից հետո ՀՀ գործող իշխանությունները գործնականում և բացառապես առաջնորդվում են «կամ-կամ»-ի փիլիսոփայությամբ։

Ավելին, Բրյուսելում Տիգրան Սարգսյանի հայտարարությունից ընդամենը մեկ օր առաջ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ինքնակամ զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և արձանագրել, որ Ղրիմի հանրաքվեն ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ է: Այն դեպքում, երբ ամբողջ Արևմուտքը այդ հարցի շուրջ կատաղի հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ։ Տիգրան Սարգսյանը կամ ընդհանրապես չի հետաքրքրվում և չի հետևում, թե ինչով է զբաղվում իր վերադասը, կամ, ինչը ավելի հավանական է, պարզապես Բրյուսելում «թոզ է փչում» եվրոպացիների աչքերին: Երեք տարի Եվրոպայի ուղղությամբ նայող Տիգրան Սարգսյանն ընդամենը մեկ օրում հայացքը փախցրեց ու առանց աչք թարթելու սկսեց դեպի հյուսիս գնալ:

ՀՀ արտաքին քաղաքականության մեջ «կամ-կամ»-ի արտահայտությունն են նաև գործող նախագահի քայլերը: Սերժ Սարգսյանը մարտի 6-ին Դուբլինում ԵԺԿ գագաթաժողովին իր ելույթում Ուկրաինայի դեպքերի հետ կապված հայտարարեց. «Ինչպես և նախկինում, գտնում ենք, որ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը մի գործընկերոջ հետ չպետք է հանգեցնի նոր բաժանարար գծերի ձևավորմանը: Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը»:

Սակայն այդ հայտարարությունից հետո առանց բարդութավորվելու մարտի 20-ին զանգահարում է ՌԴ նախագահին և նոր բաժանարար գծեր անցկացնում Արևմուտքի և Հայաստանի միջև՝ մոռանալով շահերի համադրության ու ներդաշնակեցման մասին:

Արտաքին քաղաքականության մեջ ՀՀ իշխանությունների վարքագծի բժշկական ախտորոշումը կարող է լինել պարանոյա և անձի երկվություն: Մի կողմից` ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշման թեմայով անհիմն հայտարարությունները քրոնիկ են դարձել, մյուս կողմից՝ արդեն վեց տարի է` ՀՀ իշխանությունները չեն կողմնորոշվում` եվրոպացի՞ են, թե՞ ուղղափառ սլավոն:

Եվրամիության տարածքում հայտարարությունների մակարդակով ՀՀ իշխանությունները գրեթե մոլի եվրոպամետներ են, իսկ Ռուսաստանի տարածքում գտնվելիս` համոզված ռուսաֆիլներ, որոնք Հայաստանը պատկերացնում են բացառապես Ռուսաստանից վասալային կախվածության կարգավիճակում:

Մեկնաբանել