Սերժ Սարգսյանի կառավարման մոդելի խնդիրը

2008թ. Սերժ Սարգսյանը, պաշտոնը զբաղեցնելուց հետո, ընտրեց կառավարման մի մոդել, որի հիմնական նպատակն է կենտրոնացնել երկրի ֆինանսատնտեսական ամբողջ ռեսուրսները մեկ մարդու ձեռքում:

Այդ նպատակին հասնելու համար նա ինտենսիվ կերպով սկսեց օգտագործել պետական ինստիտուտները: Նախ նա թիրախ դարձրեց միջին խավը: Տիգրան Սարգսյանն իր հայտնի հարցազրույցում ասել էր, որ միջին խավը պետք է արտագաղթի, քանի որ մնալու դեպքում կարող է հեղափոխություն անել: Քանի որ միջին խավը կազմակերպված չէր, Սերժ Սարգսյանը շատ հեշտ ձևով կարողացավ հաղթանակ տանել նրա նկատմամբ: Այդ հաղթանակի արդյունքը եղավ այն, որ միջին խավը հիմնականում արտագաղթեց։

Ռոբերտ Քոչարյանի ընտրած մոդելը էականորեն տարբերվում էր Սերժ Սարգսյանի ընտրած մոդելից։ Դա է պատճառը, որ Քոչարյանի օրոք եղել է տնտեսական աճ, քանի որ համակարգը տնտեսական շահեր էր ստեղծել կապիտալը իր ձեռքում կուտակած խավի մոտ: Բացի դրանից, կապիտալը իր ձեռքում կուտակած խավի և հանրության լայն շերտերի տնտեսական շահերը համընկնում էին, որի արդյունքում տնտեսական աճը երբեմն հասնում էր երկնիշ թվերի: Ընտրված մոդելի արդյունքում ձևավորվեց միջին խավ, որը սկսեց նոր պահանջներ ունենալ, սակայն մոդելը չկարողացավ բավարարել միջին խավի պահանջը, որի արդյունքում 2008թ. այդ խավը դուրս եկավ փողոց: Դրա համար է Սերժ Սարգսյանը առաջին հերթին փորձել այդ խավը ոչնչացնել, որպեսզի 2013թ. չկրկնվի այն, ինչ եղել էր անցյալում։

Սերժ Սարգսյանը նաև հարձակում սկսեց խոշոր կապիտալը իր ձեռքում կուտակած խավի վրա: Նա փորձում է կուլակաթափության միջոցով տիրանալ երկրի ամբողջ կապիտալին, որն էլ թույլ կտա նրան Սահմանադրական և այլ փոփոխությունների միջոցով հավերժ ղեկավարել Հայաստանը: Հայտնի խոսակցությունները Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի վերաբերյալ, որ նա բոլոր բիզնեսներում մասնաբաժին է վերցնում, խոսում է վերը նշած տնտեսական մոդելի մասին: Նման քայլերը կամայական չեն, այլ նպատակաուղղված վարքագիծ է ընտրված մոդելի շրջանակներում:

Միջին խավի մեծ մասը արտագաղթեց, իսկ կապիտալն իր ձեռքում կուտակած խավը նույն քայլին չդիմեց, որովհետև կապիտալի հետ արտագաղթելը ավելի դժվար է: Այդ իսկ պատճառով այդ խավը սկսեց ելքեր որոնել: Ելքերի որոնման արդյունքում ստեղծվեց ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի համագործակցությունը, որին նաև միացել են ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»։ Նրանց շահերը սկսել են համապատասխանել, քանի որ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը վտանգ է ներկայացնում բոլորի համար:

Նրա քաղաքականությունը նույնիսկ վտանգ է ներկայացնում յուրայինների համար: Վերջերս լուր է տարածվել այն մասին, որ միայն «Ռոսնեֆտն» է Հայաստան նավթ ներմուծելու, իսկ նախկին ներմուծողները միայն գնելու ու վերավաճառելու են:

Պարզ է, որ ներմուծելու վերահսկիչ փաթեթը կլինի Սերժ Սարգսյանի տնօրինության տակ: Այդ իսկ պատճառով նույնիսկ յուրայիններն արդեն զգում են վտանգը, և ենթադրվում է, որ նրանք ևս կաշխատեն Սերժ Սարգսյանի դեմ: Հնարավոր է՝ դա բացահայտ չանեն, բայց ճանապարհ կփնտրեն: Վերը նշվածները և մի շարք այլ գործընթացներ հաստատում են, որ Սերժ Սարգսյանը ընտրել է ամբողջ կապիտալն իր ձեռքում կուտակելու ճանապարհը:

Սերժ Սարգսյանի ընտրած մոդելի խնդիրն այն է, որ հակադրություն է ստեղծվում կապիտալն իր ձեռքում կուտակած խավի հետ: Հակադրության պատճառով այդ խավը սկսել է պայքարել իր շահերը պաշտպանելու համար, և պայքարի հաղթանակի դեպքում Սերժ Սարգսյանի ընտրած մոդելը կփոխվի, որն էլ զարգանալու նոր հեռանկար կբացի Հայաստանի համար, որովհետև կվերանա մոնոպոլիան իշխանության ներսում։

Մեկնաբանել