«Դ!եմ եմ» նախաձեռնության մարտի 22-ի հանրահավաքից հետո կրկին սրվել է բանավեճը, թե արդյոք նախաձեռնությունը պետք է քաղաքականացվի՞, թե՞ մնա քաղաքացիական դաշտում։ Քաղաքականի և քաղաքացիականի միջև սահմանները հստակ չեն, այդպիսիք գրեթե չկան և շատ դժվար է ասել, թե որն է մաքուր քաղաքական կամ մաքուր քաղաքացիական գործընթաց:
Պարտադիր կուտակային համակարգի դեմ ուղղված պայքարը բովանդակային առումով քաղաքական տիրույթում է։ Այն առնչվում է հարյուր հազարավոր քաղաքացիների և ամենատարբեր խավերի։ Խնդրի լուծումը լինելու է բացառապես քաղաքական։ Կասկած չկա, որ Սահմանադրական դատարանը կայացնելու է քաղաքականապես մոտիվացված որոշում՝ թելադրված կենտրոնական իշխանությունների կողմից։
Այս դեպքում շատ դժվար է հստակ գնահատել՝ քաղաքական իշխանությունների որոշման դեմ հարյուր հազարավոր քաղաքացիների պայքարը (ակտիվ կամ պասիվ) քաղաքակա՞ն է, թե՞ քաղաքացիական։ Ավելի շուտ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ծավալավող գործընթացը քաղաքական և քաղաքացիական պայքարի սինթեզ է, երբ քաղաքական ու քաղաքացիական հատվածները փորձում են շատ կոնկրետ հարցի շուրջ համագործակցել՝ դրական արդյունքի հասնելու համար:
Քաղաքացիական նախաձեռնության և քաղաքական ուժերի միջև արհեստական մրցակցության հրահրումը անտրամաբանական է և իշխանահաճո, պետք է խրախուսվի այդ երկու հատվածների միջև փոխլրացման և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորումը: Հարկավոր չէ նույն «Դ!եմ եմ» նախաձեռնությանը կոչ անել վերափոխվելու քաղաքական շարժման և դնել, օրինակ, իշխանափոխության խնդիր կամ նրանցից պահանջել, որ ֆունկցիոնալ առումով փոխարինեն քաղաքական կուսակցություններին՝ մտացածին հիմնավորմամբ, թե իրենք շատ ավելի լավն են, քան քաղաքական ուժերը:
Շարժումների վերափոխումը արհեստական չի լինում, այն բնականոն գործընթաց է: Եթե Մարտի 28-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները, ապա նույն «Դ!եմ եմ» շարժումը պետք է որոշի՝ շարունակել պայքարը այլ ընդգրկուն թիրախային նպատակներ ընտրելո՞վ, թե՞ ինքնալուծարվել: Այդ դեպքում նրանց չի կարելի մեղադրել, քանի որ ի սկզբանե հայտարարել էին իրենց նպատակի մասին և դրան հասնելուց հետո շատ հանգիստ կարող են ասել, որ իրենց պայքարն ավարտված է: Եվ, հակառակը, եթե դատարանը վերոհիշյալ օրենքի դրույթները սահմանադրական ճանաչի՝ նրանք պետք է որոշեն, թե ինչ գործիքակազմով և ինչ նոր թիրախային նպատակներով պետք է շարունակեն պայքարը՝ ինստիտուցիոնալիզացվեն, դնեն կառավարության հրաժարականի խնդիրը, փոխեն քաղաքական ուժերի հետ համգործակցության ձևաչափը՝ ավելի ներգրավվելով քաղաքականության մեջ և այլն: