Մենք, Զիմբաբվեն ու Հյուսիսային Կորեան

Հայաստանի իշխանությունները արտաքին քաղաքական ասպարեզում երկար դեգերումներից հետո վերջնականապես կանգ առան «կամ-կամ» կուրսի վրա:

Մարտի 27-ին ՄԱԿ-ում Հայաստանը դեմ քվեարկեց Ուկրաինայի ներկայացրած բանաձևին, որը Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն որակում է անօրինական:

Հայաստանն իր դիրքորոշումը ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Կարեն Նազարյանի միջոցով հիմնավորել է հետևյալ կերպ. «Հայաստանը տարիներ ի վեր հետևողականորեն ու սկզբունքորեն հանդես է եկել ժողովրդավարության զարգացման, ազատությունների և իրավունքների, ներառյալ իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության օգտին՝ որպես ՄԱԿ-ի կանոնադրության վրա հիմնված համամարդկային արժեքներ և սկզբունքներ, որոնք ընդունված են այս համաժողովի կողմից»։

Եթե Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ այդքան սկզբունքային դիրքորոշում ունի միջազգային ասպարեզում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցում, ապա տրամաբանության չի ենթարկվում այն, որ նրա սկզբունքայնությունը մի դեպքում աշխատում է, մյուս դեպքում՝ ոչ: 2008թ. փետրվարի 17-ին Կոսովոյի անկախության հռչակումից հետո նույն սկզբունքայնությունից ելնելով՝ Երևանը պետք է որ ճանաչեր Կոսովոյի անկախությունը որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացում:

Սակայն ինչպես գիտենք, Հայաստանը չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, որին մինչ այժմ դեմ է արտահայտվում Ռուսաստանը:

Այնպես որ, պաշտոնական Երևանը ոչ միշտ է, որ հետևողականություն է ցուցաբերել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցում, հետևաբար ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի հայտարարությունն ընդամենը Հայաստանի՝ միջազգային վտարյալի վերածումը մեղմելու հուսահատ փորձ է:

ՄԱԿ-ում ՀՀ պաշտոնական դիրքորոշման արտահայտությունը հերթական անգամ ապացուցում է, որ ՀՀ իշխանությունները արտաքին քաղաքականության մեջ չունեն մշակված ռազմավարություն և մարտավարություն: Ամեն ինչ արվում է պահի թելադրանքով, հախուռն կամ ճնշումներից դրդված: Եվ այդ գործողությունները հիմնականում պատճառահետևանքային կապ չունեն Հայաստանի պետական շահի հետ:

Գործող նախագահ Սերժ Սարգսյանն ամեն հարմար առիթով Եվրոպայում հայտարարում է, որ արտաքին քաղաքականության մեջ «և-և» սկզբունքի ջատագով է և վստահեցնում է, որ «Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը»: Սակայն վերադառնալով Երևան՝ կարող է չարդարացված և չտրամաբանված նախաձեռնողականությամբ զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ձեռի հետ ճանաչել Ղրիմի հանրաքվեն, այնուհետև ՄԱԿ-ում պաշտոնապես հաստատել այդ դիրքորոշումը: Նույն տրամաբանությամբ կարող են երեք տարի Եվրամիության հետ ասոցացման ճանապարհով ընթանալ և արդյունքում հայտնվեն Մաքսային միությունում. ոչ մի տրամաբանական կապ գործող իշխանությունների հայտարարությունների և իրական գործողությունների միջև:

Ղրիմի հետ կապված Հայաստանի տրամաբանական դիրքորոշումը պետք է լիներ չեզոքությունը: Մի կողմից Հայաստանը չէր հայտնվի Սուդանի, Հյուսիսային Կորեայի և Զիմբաբվեի և այլ վտարյալ երկրների ցուցակում, մյուս կողմից՝ չէր հակադրվի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դիրքորոշմանը:

Հայաստանի չեզոքության պահպանման անհրաժեշտության հիմնավորումը լավագույնս սահմանեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա մասնավորապես ասել է. «Ուկրաինայի ներկայացրած և արդեն ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձևը ոչ օրինական է համարում Ղրիմի հանրաքվեն և Ռուսաստանի կողմից դրա բռնակցումը:

Առաջինի հետ կապված մենք, իհարկե, չենք կարող կողմ լինել, որովհետև պաշտպանում ենք ժողովուրդների կամարտահայտությունն ու ինքնորոշման իրավունքը:

Մյուս կողմից, մենք չենք կարող դեմ լինել երկրորդ դրույթին, որովհետև ինքներս Ղարաբաղում անցկացված հանրաքվեից հետո արդեն 23 տարի է՝ շարունակում ենք բանակցել Ադրբեջանի հետ համաձայնեցված լուծման հասնելու համար:

Այս երկուսի համադրումը բնականաբար հուշում է, որ պետք էր ձեռնպահ քվեարկել՝ դրանով իսկ ընդգծելով մեր սկզբունքայնությունը»:

Մեկնաբանել