31 մարտ, 2014 17:27

Շանթ Հարությունյանի մեղադրանքը փոխվել է

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

«Նախկինում առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասը փոխարինվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով»,- ասաց Պետրոսյանը` նշելով, որ առաջադրված նոր հոդվածն էլ իր ծանրությամբ չի զիջում առաջինին:

Պետրոսյանը նշեց, որ մեղադրանքը փոխելիս որևէ հիմնավորում չի ներկայացվել, «ուղղակի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով որոշվել է փոխել»:

ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասը ենթադրում է իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, իսկ 258-րդ հոդվածի 4-րդ մասը` խուլիգանություն` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:

Նոյեմբերի 5-ի երեկոյան Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով բերման ենթարկված Շանթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Նրան մեղադրանք էր առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով: Նոյեմբերի 19-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում բավարարել էր քննիչի միջնորդությունը` Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառելով դատահոգեբուժական փորձաքննություն: Նոյեմբերի 20-ին նա տեղափոխվել էր «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա, իսկ դեկտեմբերի 10-ին` «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Շանթ Հարությունյանի խափանման միջոցը երկարաձգվել էր դեկտեմբերի 28-ին:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը մերժել էր Շանթ Հարությունյանի դիմումը` հարազատների կողմից իրեն տեսակցելու արգելանքի վերացման վերաբերյալ: Շանթ Հարությունյանը հունվարի 10-ին դադարեցրել է դեկտեմբերի 24-ից սկսած հացադուլը: Հունվարի 14-ին Հարությունյանի հարազատներին տեսակցելու արգելքը հանվել էր:

Լուսանկարը` Ֆոտոլուրի