Սահմանադրական դատարանն ավարտեց կենսաթոշակների մասին օրենքի քննությունը

Սահմանադրական դատարանը մարտի 31-ին ավարտեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի քննությունը:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ դատարանն անցնում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար։

Մինչ այդ եզրափակիչ ելույթներով դիմող կողմից հանդես եկան Ազգային ժողովի Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, իրավաբան Մերի Խաչատրյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, իսկ պատասխանող կողմից` ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Հակոբ Հակոբյանը:

Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ հարցի վերաբերյալ որոշումը, ըստ ամենայնի, մարտի 31-ին չի հրապարակվի, քանի որ անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրել ներկայացված բոլոր փաստաթղթերը: Նրա խոսքով` որոշման հրապարակման մասին դատարանը նախապես կտեղեկացնի:

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցությունը և «Ժառանգությունը», 2013թ. դեկտեմբերի 17-ին դիմել էին Սահմանադրական դատարան` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 37-րդ, 38-րդ, 45-րդ, 49-րդ և 86-րդ հոդվածների դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով:

Ավելի ուշ` հունվարի 24-ին, Սահմանադրական դատարանը մինչև մարտի 28-ը կասեցրել էր 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

Մեկնաբանել