3 ապրիլ, 2014 20:20

ԵՄ-ն հաստատել է Մոլդովայի հետ անայցագիր ռեժիմը

Ապրիլի 3-ին Եվրամիության ներկայացուցիչները ստորագրել են Մոլդովայի հետ անայցագիր ռեժիմ սահմանելու վերաբերյալ փաստաթուղթը, հաղորդում է մոլդովական Publika.md լրատվական կայքը:

Համապատասխան որոշումն իր ստորագրությամբ հաստատել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: Ներքին հարցերով ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մալսթրեմը նշել է, որ այցագրերի չեղյալ հայտարարումը մեծ ձեռքբերում է Մոդովայի հետ հարաբերություններում և համագործակցության լավ օրինակ է:

Ինչպես ասված է Եվրահանձնաժողովի կայքում, Մոլդովայի՝ կենսաչափական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար անայցագիր ուղևորությունները հասանելի կլինեն ապրիլի 28-ից:

Այցագրային ռեժիմը չեղյալ հայտարարելու օգտին Եվրախորհրդարանը քվեարկել էր փետրվարին, իսկ ավելի ուշ հաստատվել էր ԵՄ խորհրդի կողմից:

Նոր կանոնների համաձայն, Մոլդովայի քաղաքացիները կարող են 6 ամսվա ընթացքում մինչև 90 օր լինել Եվրամիության երկրներում: Միաժամանակ՝ մոլդովացիները, միգրացիոն ծառայության աշխատակցի պահանջի դեպքում, պետք է բացատրեն ԵՄ-ում իրենց գտնվելու պատճառը, ինչպես նաև ապացուցեն, որ անհրաժեշտ միջոցներ ունեն ԵՄ-ում գտնվելու համար (50 եվրո 1 օրվա համար): Ստուգումն ընտրովի է անցկացվելու:

Մոլդովան 2013թ. նոյեմբերի 29-ին Վիլնյուսում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում պաշտոնապես նախաստորագրեց Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագիրը: Համաձայնագրի ստորագրումը նախանշված է 2014-ին: