3 ապրիլ, 2014 20:50

ՀՐԱՏԱՊ․ Վարչապետը հրաժարական է տվել

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո: Շարմազանովը նշել է, որ հրաժարականի դիմումն ընդունվել է նախագահի կողմից:

«Դեռևս մեկ ամիս առաջ նա նման խնդրանքով դիմել է Նախագահին, սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ կուտակային կենսաթոշակների հարցը պետք է քննվեր ՍԴ-ում, նախագահը խնդրել էր շարունակել պաշտոնավարումը, և այսօր արդեն նրա դիմումը բավարարվել է»,- ասաց նա:

Տիգրան Սարգսյանը վարչապետ էր նշանակվել նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2008թ. նախագահական ընտրություններից հետո: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում 2009թ. Հայաստանն արձանագրեց աշխարհում երկրորդ ամենամեծ տնտեսական անկումը՝ 14.5 տոկոս (վերահաշվարկված տվյալներով՝ -18 տոկոս): Չնայած դրան՝ Տիգրան Սարգսյանը կրկին վարչապետ նշանակվեց 2012թ. խորհրդարանական և 2013թ. նախագահական ընտրություններից հետո: