«Դեմ եմ»-ի վերափոխվելու անհրաժեշտությունը

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի և դրա պարտադիր բաղադրիչի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը տարընթերցման տեղիք է տվել: Ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը։

Ապրիլի 3-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ մինչև սեպտեմբերի 30-ը կենսաթոշակային գումարները շարունակվելու են գանձվել: Վարչապետն իր այս հայտարարությամբ ցույց է տալիս, որ անկախ Սահմանադրական դատարանի որոշումից՝ իրենք շարունակելու են իրենց որդեգրած քաղաքականությունը, ինչը ենթադրում է, որ հարցը լուծելու միակ տարբերակը մնում է պահանջել կառավարության հրաժարականը:

Ապրիլի վերջին ոչ իշխանական ուժերն ԱԺ-ի օրակարգ կմտցնեն կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը, ինչպես նաև ապրիլի 28-30-ը երեք օր Ազատության հրապարակում կանցկացնեն շուրջօրյա հանրահավաքներ:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հանրային պայքարը նախաձեռնեց «Դեմ եմ» թիմը, որն առայսօր հարցի կարգավորման լուծումը տեսնում էր իրավական հարթության մեջ։ ՍԴ-ի որոշումից և այդ որոշման կառավարության մեկնաբանություններից հետո, առաջ է գալիս «Դեմ եմ» նախաձեռնության պայքարի տրամաբանության փոփոխության անհրաժեշտություն, և ապրիլվերջյան հանրահավաքը «Դեմ եմ» շարժման համար ևս մեկ հնարավորություն է՝ հարցի լուծմանը հասնելու համար:

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը մեծ ներդրում է ունեցել պարտադիր բաղադրիչի դեմ ձևավորված հանրային պայքարում: Խնդիրը հանրայնացնելու և հետևողական աշխատանքի արդյունքում շարժումը կարողացավ և՛ հանրային, և՛ քաղաքական օրակարգում պահել Կենսաթոշակային կուտակային համակարգի մասին օրենքն ու օրենքում առկա թերությունները։ Շարժման վեցամսյա պայքարի ընթացքում «Դեմ եմ»-ին հաջողվեց մեծ թվով քաղաքացիների ներգրավել պայքարի մեջ:

Հայաստանի ներքաղաքական գործընթացների տրամաբանությունը հուշում է, որ իրավական ճանապարհով հնարավոր չէ լուծում տալ այն խնդիրներին, որտեղ իշխանական վերնախավը շահեր ունի: Պարտադիր բաղադրիչի դեմ ձևավորված պայքարը անհրաժեշտ է տեղափոխել քաղաքական դաշտ, որտեղ հնարավոր կլինի գտնել դաշնակիցներ և համատեղ ուժերով հասնել խնդրի ամբողջական լուծման։ Փաստացի, Հայաստանի Հանրապետության իշխանությունը այդ քայլին այլընտրանք չի թողել:

Մեկնաբանել