Պարզից պարզ և անհասկանալի

Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումը և դրան հաջորդած մեկնաբանությունները ակնհայտ են դանում, որ պետական կառավարման և իրավական համակարգը դեգրադացված է: Որոշման հրապարակումից անմիջապես հետո տարաբնույթ մեկնաբանություններ սկսեցին հնչել:

Նույն օրը Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց. «Մենք ասել ենք՝ օրենքի դրույթները հակասահմանադրական ճանաչող որոշումը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 30-ից: Սակայն պարզից էլ պարզ է՝ հակասահմանադրական ճանաչված դրույթները չպետք է գործեն: Մենք նաև ասել ենք՝ մեր աշխատակարգային որոշումից հետո շուրջ 127 հազ. մարդուց գանձված գումարները պետք է վերադարձվեն: Եթե դու հիմա չես վերադարձնում, վերադարձնելու ես սեպտեմբերից հետո: Եթե դու մինչև սեպտեմբեր որևէ բան պահես, վերադարձնելու ես սեպտեմբերից հետո: Ուրեմն՝ անմտություն է հիմա ուղղակի պահելը, որովհետև բոլոր դեպքերում սեպտեմբերից հետո մարդկանց փողերը վերադարձնելու ես»:

Ընդամենը ժամեր հետո նույն Ֆելիքս Թոխյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում հանրապետական պատգամավոր Դավիթ Հարությունյանի ներկայությամբ հայտարարեց. «Թյուրիմացություն է, պարտադիր պահանջը չի վերացվել: Մինչև սեպտեմբերի 30-ը պարտավոր են վճարել, սա միանշանակ է»:

Ժամերի տարբերությամբ Թոխյանը կուտակային վճարների մուծման հետ կապված իր մեկնաբանությունը փոխում է 180 աստիճանով և սկսում է ձայնակցել իշխանությունների կողմից տրվող մեկնաբանություններին, որ պարտադիր կուտակային վճարումները մինչև սեպտեմբերի 30-ը պետք է կատարվեն:

Սերժ Սարգսյանի համար «երկար» ու «էժան» փողեր ապահովելու համար ՍԴ-ի որոշումից հետո պետք է այնպես ներկայացվեր, որ պարտադիր կուտակային վճարները անհրաժեշտ լիներ մինչև սեպտեմբերի 30-ը մուծել: Հանրապետականների գլխավոր իրավաբանի համբավ ունեցող Դավիթ Հարությունյանը որոշման հրապարակումից անմիջապես հետո հայտարարեց. «Մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը գործելու է. ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավական նորմերը գործելու են»: Իսկ Թոխյանը բառացի կրկնեց Դավիթ Հարությունյանին՝ մոռանալով, որ մի ժամ առաջ բոլորվին հակառակ տեսակետ էր հայտնել:

Հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, կառավարության հերթական նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը երկրորդեց Դավիթ Հարությունյանին՝ հայտարարելով. «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը մինչև սեպտեմբերի 30-ը գործելու է այն տեսքով, ինչպես որ հաստատվել է Ազգային ժողովի կողմից ու ուժի մեջ մտել 2014թ. հունվարի 1-ից»:

Այսքանից հետո պետք է եզրահանգում անել, որ Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի վրա ճնշումներ են բանեցվել և նրան ստիպել են հրաժարվել ավելի վաղ արած մեկնաբանություններից: Իշխանությունը պատրաստված է եղել ՍԴ-ի որոշմանը, սակայն չի հասցրել հավուր պատշաճի ՍԴ դատավորներին պատրաստել:

Արդյունքում ստեղծվել է դատական անկախության մի քանի ժամվա միջակայք, որը և օգտագործել է Ֆելիքս Թոխյանը:

Հ.Գ.

Շրջանառվող լուրերի համաձայն՝ երեկ Հ1-ում հարցազրույցի է հրավիրվել նաև Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Հարցազրույցը, սակայն, ինչ-ինչ պատճառներով եթեր չի գնացել:

Մեկնաբանել