4 ապրիլ, 2014 20:22

Դու հրաժարականի ցանկություն ունես

Տիգրան Սարգսյանի հրաժարականի որոշման կայացումը և հիմնավորումները պատված են խորհրդավորության և անհասկանալիության շղարշով: Ավելին, Տիգրան Սարգսյանի կողմից հրաժարական ներկայացնելու մտադրության ժամկետների առումով իշխանության ամենաբարձր օղակում ակնհայտ խառնաշփոթ է:

Ապրիլի 3-ի երեկոյան ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունից հետո Տիգրան Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն տարածեց. «Դեռևս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը»։

Հաջորդ օրը՝ ապրիլի 4-ին, Սերժ Սարգսյանը, Կենտրոնական բանկի աշխատակիցների հետ հանդիպմանը անդրադառնալով վարչապետի հրաժարականին, նշել է. «Երբ երեկ մենք մեր կուսակցությունում քննարկում էինք, և ես ասացի, որ վարչապետը մարտի 3-ին է ինձ հրաժարականի մտադրություն ներկայացրել, դա մենք չենք արել նրա համար, որպեսզի ասենք՝ տեսեք մենք ինչ-որ քաղաքական ուժերի ճնշման տակ չենք այս բանն արել»:

Ստացվում է, որ ըստ Տիգրան Սարգսյանի՝ ինքը հրաժարականի մասին Սերժ Սարգսյանին հայտնել է փետրվարին, իսկ ըստ Սերժ Սարգսյանի՝ նա վարչապետի՝ հրաժարական տալու ցանկության մասին իմացել է մարտի 3-ին:

Հետաքրքիր է՝ Տիգրան Սարգսյա՞նն է շփոթում ժամկետները, թե՞ Սերժ Սարգսյանը, և իրականում ե՞րբ է նախկին վարչապետի մոտ ցանկություն առաջացել լքել պաշտոնը: Կամ արդյոք այդպիսի ցանկություն ընդհանրապես առաջացե՞լ է, թե՞ հենց ապրիլի 3-ի երեկոյան ՀՀԿ գերագույն մարմնի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը անսպասելի տեղեկացրել է Տիգրան Սարգսյանին, որ նրա մոտ հրաժարական տալու ցանկություն է առաջացել: Իսկ դրանից հետո պարզվել է, որ նման ցանկություն Տիգրան Սարգսյանը ունեցել է կա՛մ փետրվարին, կա՛մ մարտի 3-ին:

Իշխանության այս գործելաոճը կարծես օրինաչափություն է դառնում: Այլևս զարմանալի չի թվում, որ Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը ապրիլի 2-ին «Արմնյուզ» հեռուստաընկերությունում կուտակային կենսաթոշակային համակարգի մասին ՍԴ-ի կայացրած վճռի վերաբերյալ մի մեկնաբանություն է տալիս, մի քանի ժամ հետո «Շանթ» հեռուստաընկերության եթերում՝ բոլորովին այլ մեկնաբանություն:

Այսպիսի մթնոլորտում արդյո՞ք հնարավոր է վերականգնել վստահությունը գործող իշխանությունների նկատմամբ:

 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: