Օպերայի տնօրենի պաշտոնի համար կպայքարի երկու թեկնածու

«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հարցազրույցի փուլը հաղթահարել է երկու թեկնածու՝ Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը (9 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ) և Գագիկ Զալիկի Մանասյանը (7 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ):

Ինչպես հաղորդում են մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից, բողոքի բացակայության դեպքում համապատասխան հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը կներկայացվի մշակույթի նախարարին և եռօրյա ժամկետում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ սահմանված կարգով կկնքվի աշխատանքային պայմանագիր:

«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար ներկայացվել էր 9 դիմում: Ապրիլի 4-ին` ժամը 10:30-ին, մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող մրցույթին ներկայացել էր յոթ թեկնածու, որոնցից մրցույթի հարցազրույցի փուլ են անցել երեքը:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը փետրվարի 17-ին անձնական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից, այնուհետ` նշանակվել մշակույթի նախարարի խորհրդական: Տնօրենի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել էր թատրոնի տնօրենի տեղակալ Հրաչյա Գրիգորյանը:

Մեկնաբանել