7 ապրիլ, 2014 14:15

«Դ!եմ եմ»-ը ապրիլի 9-ին երթ կանցկացնի

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը ապրիլի 9-ին` ժամը 12:30-ին, ֆինանսների նախարարության մոտից երթ է կազմակերպում դեպի Պետական եկամուտների կոմիտե` «պաշտպանելու իրենց սահմանադրական իրավունքները»: 

«Սահմանադրական դատարանի ապրիլի 2 թիվ ՍԴՈ-1142 որոշման հրապարակումից հետո Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է էլեկտրոնային հաշվետվությունների ձևը անփոփոխ թողնել և դրանով պարտադրել գործատուներին փոխանցել կուտակային վճարները՝ սպառնալով ենթարկել վարչական պատասխանատվության:

Մենք պետք է ստիպենք պետական եկամուտների կոմիտեին ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի վերը նշված որոշման պահանջներին և անհապաղ համապատասխան փոփոխություններ կատարել էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման ձևում՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել»,- ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

«Դ!եմ եմ»-ը նախատեսում է նաև ապրիլի 12-ին՝ ժամը 14:00-ին, Մատենադարանի մոտ հավաք անցկացնել:

Սահմանադրական դատարանը ապրիլի 2-ին հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վիճարկվող որոշ դրույթներ։

ՍԴ-ն մինչև 2014թ. սեպտեմբերի 30-ը ժամանակ տվեց խորհրդարանին և կառավարությանը՝ օրենքի որոշ դրույթներ փոփոխության ենթարկելու համար:

Ապրիլի 3-ին «Դ!եմ եմ»-ի անդամները լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ շարունակելու են իրենց պայքարը և կոչ արեցին քաղաքացիներին չվճարել «պարտադիր վճարները»:

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցությունը և «Ժառանգությունը», 2013թ. դեկտեմբերի 17-ին դիմել էին Սահմանադրական  դատարան` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 37-րդ, 38-րդ, 45-րդ, 49-րդ և 86-րդ հոդվածների դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով: