7 ապրիլ, 2014 13:14

Վիեննայում մեկնարկել են Իրան-«վեցյակ» հերթական բանակցությունները

Ապրիլի 7-ին Վիեննայում մեկնարկում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրան- միջազգային «վեցյակ» (Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա) բանակցությունների երրորդ փուլը, որը կշարունակվի մինչև ապրիլի 9-ը, հաղորդում է BBC-ն:  

Հիմնական բանակցությունները կսկսվեն ապրիլի 8-ին: Անցած շաբաթ տեղի է ունեցել նախապատրաստական հանդիպումը՝ փորձագիտական մակարդակով:

Բանակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել մարտի 18-19-ը, որի ընթացքում քննարկվել էր Իրանի կողմից ուրանի հարստացման գործընթացը, պատժամիջոցների խնդիրը, խաղաղ ատոմի ոլորտում միջազգային համագործացկության հարցը, ինչպես նաև միջազգային հանրության մտահոգության վերացումը՝  կապված Արաքում ծանրջրածանային ռեակտորի հետ, որը, ըստ միջազգային փորձագետների, կարող է ռազմական պլուտոնիում արտադրել:   

Բանակցությունների առաջին փուլի ընթացքում  2013թ. նոյեմբերի 24-ին կողմերը պատմական համաձայնության են եկել միջուկային խնդրի շուրջ, հաղորդում է BBC-ն: Այսպես՝ Իրանը համաձայնել է հրաժարվել ուրանի հարստացման համար նոր ցենտրիֆուգեր տեղադրելուց, թույլ տալ միջազգային տեսուչներին մուտք ունենալ իր միջուկային օբյեկտներ, ինչպես նաև սառեցնել ծանր ջրի վրա ռեակտորի կառուցումը: Փոխարենը՝ Իրանը տնտեսական պատժամիջոցների մասնակի թուլացում կստանա: Անցումային պայմանավորավածություննները սկսել են գործել 2014թ. հունվարի 20-ից: