Սերժ Սարգսյանը դիմադրելու ռեսուրս այլևս չունի

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կողմից Տիգրան Սարգսյանի հրաժարականի պարտադրումից հետո ստեղծվել է բացարձակապես նոր քաղաքական իրավիճակ: Այս իրավիճակում «հրաշալի քառյակը» կանգնած է քաղաքական պայքարի վեկտորների հստակեցման ու նոր քաղաքական օրակարգ ձևավորելու խնդրի առաջ: Ընտրվելիք ռազմավարությունից է կախված իշխանափոխության գործընթացի հաջողությունը: Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականը պարտադիր, բայց ոչ բավարար պայման է: Պետք է հասնել շղթայական ռեակցիայի էֆեկտի։ Իսկ այդ շղթայական ռեակցիայի կազմակերպումը այժմ բացառապես «հրաշալի քառյակի» ձեռքում է։

Ոչ իշխանական ուժերը տիրապետում են անհրաժեշտ բոլոր ռեսուրսներին ամբողջական կամ մասնակի իշխանափոխություն իրականացնելու համար: Սա այն եզակի դեպքերից է, երբ քաղաքական ընդդիմությունը տիրապետում է ֆինանսական, տեղեկատվական և մարդկային հզոր ռեսուրսների և իշխանությունների դեմ հզոր հանրային աջակցություն ունի: Փոխարենը գործող իշխանությունը ունի զրոյական լեգիտիմություն, տապալված սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքականություն: Այսպիսի իրավիճակներում, կարելի է ասել, իշխանությունը փողոցում դրած է, միայն պետք է վերցնել:

Մինչ ոչ իշխանական քառյակը քննարկումներ է անցկացնում հնարավոր քաղաքական օրակարգի շուրջ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ilur.am կայքին տված հարցազրույցում ուրվագծեց անցնցում և սահմանադրական ճանապարհով իշխանափոխության քարտեզը։

Առաջին նախագահը իշխանափոխության ճանապարհը ուրվագծելուց առաջ խիստ կարևոր դիտարկում ու զգուշացում է անում «հրաշալի քառյակին»՝ ամեն կերպ խուսափել Սերժ Սարգսյանի հետ կուլիսների հետևում անջատ բանակցություններից և պայմանավորվածություններից:

«Ընդդիմությունը ոչ մի պարագայում խաղերի մեջ չպետք է մտնի Սերժ Սարգսյանի հետ և չպետք է մաս կազմի նրա կողմից ձևավորված որևէ կառավարության, անգամ եթե վարչապետի պաշտոնը առաջարկվի ընդդիմադիր գործիչներից մեկին։ Որովհետև թեև Սարգսյանը անզոր ու անճարակ է բաց քաղաքականության մեջ, բայց ինչպես քիչ առաջ ասվեց, գրեթե անպարտելի է վարագույրի ետևում ընթացող ինտրիգների դաշտում»,- շեշտել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այս դիտարկումն իսկապես անկյունաքարային է, քանզի մի անգամ չի ապացուցվել, որ Սերժ Սարգսյանը ինտրիգներով և կուլիսային պայմանավորվածություններով ամրապնդել է իր իշխանությունը և վերարտադրվել: Իսկ նրա հետ այդ եղանակով պայմանավորվածություն ձեռք բերած ուժերը հեղինակազրկվել և մսխել են իրենց քաղաքական ռեսուրսը:

Քառյակի միասնությունն ու գործող նախագահի հետ անջատ պայմանավորվածությունների չգնալը կարևոր է, որպեսզի ավելի ակնառու դառնա ու խորանա այն ընկալումը, որ Սերժ Սարգսյանը հայտնվել է քաղաքական մեկուսացման մեջ:

Թիկունքը ապահովելուց հետո Տեր-Պետրոսյանը առաջարկում է. «Ընդդիմությունը կա՛մ պետք է շուրջօրյա հանրահավաքների միջոցով անմիջապես բարձրացնի արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, կա՛մ էլ ընտրելով միջանկյալ և իշխանափոխության ավելի փափուկ տարբերակ` խորհրդարանական քննարկումների օրերին, կրկին շուրջօրյա հանրահավաքների ճնշման տակ, պետք է երիցս վիժեցնի նոր կառավարության ծրագրի ընդունումը՝ ստիպելով Սարգսյանին, Սահմանադրության համաձայն, ցրել խորհրդարանը և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել»:

Պարզ ասած՝ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկում է Սերժ Սարգսյանին դուրս բերել բաց քաղաքական ասպարեզ և հանրային համախմբման միջոցով ջախջախիչ քաղաքական հարված հասցնել:

Սերժ Սարգսյանը դիմադրելու ռեսուրս այլևս չունի, նա այժմ խաղադրույք է անում քաղաքական ինտրիգների և անջատ պայմանավորվածություններով «հրաշալի քառյակի» առաջխաղացումը վիժեցնելու վրա:

Մեկնաբանել