G7-ի հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ հունիսի 4-5-ը

«Մեծ յոթնյակի»՝ Հաագայում մարտի 24-ին համաձայնեցված երկօրյա հանդիպումը կկայանա Բրյուսելում՝ հունիսի 4-5-ը: Այս մասին հաղորդագրությունէ տարածել Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի առաջնորդները, Եվրոպայի խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահները G7 ձևաչափով հանդիպում կունենան Բրյուսելում՝ 2014թ. հունիսի 4-5-ը»,- ասված է Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում:
Հանդիպումը կսկսվի հունիսի 4-ին՝ երեկոյան և կավարտվի հունիսի 5-ի կեսօրին:

«Մեծ յոթնյակի» առաձնորդները Հաագայում մարտի 24-ին Միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակում դադարեցրեցին «Մեծ ութնյակի» (G8) աշխատանքը և հրաժարվեցին մասնակցել Սոչիում հունիսի սկզբին նախանշված G8-ին՝ Ռուսաստանի՝ Ուկրաինայի և Ղրիմի նկատմամբ վարած քաղաքականության հետ կապված:

Այն մասին, որ «Մեծ ութնյակի» երկրները դադարեցնում են գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, հայտնի դարձավ, երբ մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հավանության արժանացրեց նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի օգտագործումը թույլատրելու խնդրանքը:

Մարտի 16-ին Ղրիմում տեղի ունեցավ հանրաքվե թերակղզու կարգավիճակի հարցով։ Մասնակցածների ավելի քան 96 տոկոսը (ավելի քան 1.23 միլիոն մարդ) կողմ արտահայտվեց Ռուսաստանին միանալուն: Հանրաքվեին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 83 տոկոսը։

Մարտի 18-ին Վլադիմիր Պուտինը, Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսեյ Չալին ստորագրեցին Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունում ընդունելու և Ռուսաստանի Դաշնության կազմում նոր սուբյեկտների ձևավորման մասին պայմանագիրը։

Այս քայլն առաջացրեց արևմտյան պետությունների միաձայն քննադատությունը․ նարնք Ղրիմի միացումը Ռուսաստանին բռնակցում են համարում։

Մարտի 20-ին Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունեց հռչակագիր «Ուկրաինայի ազատագրման համար պայքարի» մասին, որում ասված է, որ Կիևը միշտ Ղրիմը կհամարի Ուկրաինայի մաս։

Մեկնաբանել