Երթևեկության խախտումներն ուսումնասիրող խումբ է ստեղծվել

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի որոշմամբ` ապրիլի 11-ին ստեղծվել է աշխատանքային խումբ, որը եռամսյա ժամկետում պետք է ուսումնասիրի ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների հետ կապված խնդիրները:

Ինչպես հաղորդում են արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից, աշխատանքային խումբը, մասնավորապես, պետք է ուսումնասիրի երթևեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերն ու դրանց քանակը, կիրառվող տուգանքների չափերի վիճակագրությունը, ինչպես նաև միջազգային փորձը և անհրաժեշտության դեպքում կառավարության աշխատակազմին ներկայացնի այդ ուսումնասիրության արդյունքներից բխող առաջարկություններ: Աշխատանքային խումբը ղեկավարելու է արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը: Խմբում ընդգրկված են կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա.Օսիկյանը, Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Ա.Չիլինգարյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զ.Առաքելյանը, «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Է. Հովհաննիսյանը, Հայաստանի ակտուարների միության նախագահ Ա. Անանյանը:

Աշխատանքային խմբի առաջիկա նիստը կկայանա ապրիլի 15-ին:

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների խնդիրներն ուսումնասիրող աշխատանքային խմբի ստեղծման հանձնարարականը տրվել էր դեռ մարտի 27-ին` կառավարության նիստի ընթացքում:

Ի դեպ` Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ապրիլի 7-ին շրջանառության մեջ էր դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակն է՝ «էականորեն նվազեցնել ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի չափերը»: Իսկ ապրիլի 10-ին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ճանապարհային երթևեկության հետ կապված խնդիրների մասին, ի թիվս մի շարք այլ հարցերի, բարձրաձայնել էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը:

Մեկնաբանել