Սահմանադրական բարեփոխումներն արհեստական օրակարգ է. Ջհանգիրյան

Սահմանադրական փոփոխությունները հիմնականում առաջարկվել են հանրության ուշադրությունը շեղելու համար. ապրիլի 11-ին ՍիվիլՆեթի տաղավարում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը` անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, որը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հրապարակվել է ապրիլի 10-ին:

«Իհարկե, կա անհրաժեշտություն վերանայելու գործադիր, օրենսդիր իշխանությունների լիազորությունները, կա նաև նախագահի լիազորությունների և պատասխանատվության խնդրի ուսումնասիրության անհրաժեշտություն, բայց չեմ կարծում, որ մեր բոլոր խնդիրներում տարողունակ ճգնաժամի հիմնական մեղավորը Սահմանադրությունն է, որ մկրատ-դանակ առնենք ընկնենք Սահմանադրության հետևից: Սա արհեստական օրակարգ է` իմ կարծիքով»,- ասաց Ջհանգիրյանը` միաժամանակ տեսակետ հայտնելով, որ այս քայլով իշխանությունները նպատակ ունեն խաթարել խորհրդարանական չորս ուժերի` Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգության», «Բարգավաճ Հայաստանի» և Հայ հեղափոխական դաշնակցության համագործակցությունը:

Նախկին զինդատախազի կարծիքով` սահմանադրական փոփոխությունների նպատակներից մեկը հենց «հասարակության, քաղաքական ուժերի ուշադրության շեղումն է պրոբլեմներից»:

«Հիմնական պատճառը միգուցե դա չէ, սակայն պրոցեսի մի մասն է»,- նկատեց նա:

Անդրադառնալով քառյակի համատեղ գործողություններին` Ջհանգիրյանը տեսակետ հայտնեց, որ «այն խառնել է իշխանության խաղաքարտերը, քանի որ նրանք չէին կարծում, որ այս ուժերն այսքան ճանապարհ կանեցնեն միասին»:

Միաժամանակ` ՀԱԿ պատգամավորը չփորձեց ապրիլի 10-ին վարչապետի անվան չհրապարակումը կապել քառյակի գործողությունների հետ և պայմանավորեց «այլևայլ պատճառներով»` նաև տեսակետ հայտնելով, որ նոր վարչապետի նշանակման հանգամանքով փորձում են պառակտել քառյակը:

Ամփոփելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը` Գագիկ Ջհանգիրյանն անհրաժեշտ համարեց, որ «ժողովուրդն իրավունքի տերը դառնա»: «Եթե մի երկրում իշխանությունը պարտադրում են ժողովրդին, ապա այդ երկիրը դատապարտված է»,- նկատեց նա:

Մեկնաբանել