Ապրիլի 10-ին Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը: Առաջարկված հայեցակարգի ընդհանուր դրույթներին դեռ կանդրադառնանք:
Քաղաքական նկատառումներից ելնելով՝ ամենակարևոր կետը վերաբերում է պետության կառավարման ձևի փոփոխությանը: Ըստ հայեցակարգի նախնական տարբերակի՝ նախատեսվում է անցում կատարել բացարձակ խորհրդարանական կառավարման: Այդ պարագայում Սերժ Սարգսյանը սահմանադրական իրավունք է ստանում հավակնելու վարչապետի պաշտոնին և երորրդ անգամ ստանձնելու երկրի ղեկավարի պաշտոնը, ընդ որում՝ առանց ժամկետային սահմանափակման:
Այս հանգամանքը հիմք է տալիս պնդելու, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է իր իշխանության վերարտադրությունը այլ ձևի մեջ ապահովելու համար։
Փաստաթղթի հրապարակումից անմիջապես հետո Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդպմանը Սերժ Սարգսյանը, փորձելով փարատել մտահոգությունները, հայտարարել է, որ այլևս երբեք չի առաջադրվելու ՀՀ նախագահ և չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին:
«Ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ՝ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»,- մասնավորապես նշել է Սերժ Սարգսյանը:
Հարկ է ուշադրություն դարձնել վերջին նախադասությանը՝ «եթե […], ապա […]»: Հարց է առաջանում, եթե ընտրվում է միջանկյալ որևէ տարբերակ, այդ դեպքում Սերժ Սարգսյանը առաջադրվելո՞ւ է վարչապետի պաշտոնում, թե՞ ոչ: Դատելով «եթե»-ից, կարելի է ասել, որ նա առնվազն այդ տարբերակը չի բացառում: Իսկ խորհրդարանական և նախագահական կառավարման ձևերի միջև միջանկյալ տարբերակ կարելի է գտնել, օրինակ՝ կիսանախագահական կառավարման համակարգը՝ խորհրդարանի և վարչապետի առավել ուժեղացված դերակատարմամբ, որտեղ վարչապետը դիրքով առնվազն չի զիջի նախագահին: Այս դեպքում Սերժ Սարգսյանը որևէ խոստումով իրեն չի կաշկանդում վարչապետի աթոռը զբաղեցնելու համար:
Իսկ եթե ամեն դեպքում անցում է կատարվում խորհրդարանական կառավարման համակարգի, ապա նա փաստորեն խոստանում է չառաջադրվել: