Ազատ դեմոկրատները ողջունում են Սենատի հանձնաժողովի որոշումը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունման կապակցությամբ:

«Մենք բարձր ենք գնահատում բանաձևի հեղինակների, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և հանձնաժողովի` բանաձևին կողմ քվեարկած անդամների սկզբունքայնությունն ու հավատարմությունը մարդու իրավունքներին և պատմականորեն անհերքելի փաստերին:

Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին նման բանաձևի ընդունումը հստակ ազդակ է ողջ աշխարհին, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է, իսկ դրա ժխտումը` փաստերն անտեսելու փորձ:

Մեր տարածաշրջանի ներկայիս զարգացումների և փխրուն իրավիճակի ֆոնին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 410 բանաձևի ընդունումը չափազանց կարևոր քայլ է և մեծ ներդրում ճշմարտության վերականգման գործում:

Մենք հույս ունենք, որ Հայոց ցեղասպանության բանաձևը կընդունվի ԱՄՆ ՍԵնատի և Ներկայացուցիչների պալատի կողմից, ինչպես նաև ԱՄՆ նախագահն ի վերջո կճանաչի 20-րդ դարի առաջին և դեռևս անպատիժ մնացած ցեղասպանության փաստը»,- նշված է կուսակցության տարածած հաղորդագրությունում:

Ապրիլի 10-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձևը՝ վերջին 25 տարիների ընթացքում առաջին անգամ։

Մեկնաբանել