13 ապրիլ, 2014 15:45

Հովիկ Աբրահամյանը` վարչապետ

Հայաստանի նոր վարչապետ կդառնա Ազգային ժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին ապրիլի 13-ին` ՀՀԿ գործադիր մարմնի և խորհդի նիստերից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Կուսակցության նախագահը գործադիր մարմնի անդամներին ներկայացրեց վարչապետի թեկնածուին: Գործադիր մարմինը հավանության արժանացրեց, իսկ այնուհետև խորհրդի նիստում քննարկեցինք և  միաձայն ընդունվեց գործադիր մարմնի հավանությունը: Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետ է առաջադրվում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը»,- հայտարարեց Շարմազանովը:

Հովիկ Աբրահամյանը ծնվել է 1958թ. հունվարի 24-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում: 
Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:  Ծառայել է խորհրդային բանակում: 

1990-1991 թթ. եղել է Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետը, 1991-1995 թթ.` Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն, 1995-1999 թթ.` ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր, 1995-1996 թթ.` Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ, 1996-1998 թթ.` Արտաշատի քաղաքապետ,  1998-2000 թթ.` ՀՀ Արարատի մարզի մարզպետ, 2000-2001 թթ.` ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար, 2001-2002 թթ.` ՀՀ տարածքային կառավարման նախարար, 2002-2005 թթ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար, 2005-2007 թթ.` ՀՀ տարածքային կառավարման նախարար` համակարգող նախարարի գործառույթներով, 2007-2008 թթ. ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար:

2008թ. ապրիլի 21-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 2008թ. օգոստոսի 24-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, նույն թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: 

2008թ. սեպտեմբերի 29-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ: 2011թ. նոյեմբերի 21-ին` հրաժարականի իր դիմումի համաձայն, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները դադարել են: 

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2012թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ:  2005-ից ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ է: 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, նույն բուհի պատվավոր դոկտոր: Երևանի պետական համալսարանի խորհրդի անդամ է: 

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահն է, գործադիր մարմնի և խորհրդի անդամ: 

Պարգևատրվել է մի շարք հուշամեդալներով: Ամուսնացած է, ունի երեք զավակ և յոթ թոռնիկ: 

Ապրիլի 3-ին Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Դեռևս մեկ ամիս առաջ նա նման խնդրանքով դիմել է նախագահին, սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ կուտակային կենսաթոշակների հարցը պետք է քննվեր ՍԴ-ում, նախագահը խնդրել էր շարունակել պաշտոնավարումը, և այսօր արդեն նրա դիմումը բավարարվել է»,- ասել էր Շարմազանովը:

Ըստ Սահմանադրության` հանրապետության ղեկավարը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: