14 ապրիլ, 2014 14:55

Պարտադիր կենսաթոշակային վճարումները հինգ անգամ քիչ են նախատեսվածից

Ապրիլի 14-ի դրությամբ պարտադիր կենսաթոշակային համակարգին գործատուների կողմից պետք է փոխանցված լիներ 3,4 մլրդ դրամ, այնինչ փոխանցել է հինգ անգամ քիչ գումար։

Սահմանադրական դատարանի ապրիլյան որոշումից հետո անգամ կառավարությանը չի հաջողվում գործատուների և քաղաքացիների շրջանում բարձրացնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ վստահությունը։ Քաղաքացիները տարեսկզբից համակարգին փոխանցել են ծրագրվածից հինգ անգամ պակաս գումար։

Գործատուների և աշխատակիցների շրջանում շարունակում է պահպանվել անվստահության մթնոլորտը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ։ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչը գործում է այս տարվա հունվարի 1-ից, սակայն գործատուները կարծես խուսափում են կատարել օրենքի պահանջները։ Նույնիսկ Սահմանադրական դատարանի որոշումը, որը օրենքի պարտադիր բաղադրիչին վերաբերող մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչեց և դրանց գործողության վերջնաժամկետ սահմանեց սեպտեմբերի 30-ը, գործատուներին չստիպեց իրականացնել հարկային գործակալի իրենց պարտավորությունները։

Օրենքը սահմանում է, որ գործատուն՝ որպես հարկային գործակալ, մինչև հաջորդ ամսվա 20-ը պարտավոր է հաշվարկել և փոխանցել պարտադիր կենսաթոշակային գումարները՝ աշխատակիցների աշխատավարձի 5%-ի չափով։ Աշխատակցի աշխատավարձի 5%-ի չափով գումար, բայց ոչ ավելի քան 25 հազ. դրամը, համակարգին միացած քաղաքացու հաշվին պետք է փոխանցի նաև պետությունը։

Այս տարվա ինտերակտիվ բյուջեից երևում է, որ գործատուների զգալի մի մասը չի կատարել օրենքով նախատեսված գործառույթները։ Համաձայն ինտերակտիվ բյուջեի եկամուտների ու ծախսերի՝ ֆինանսների նախարարությունը կուտակային կենսաթոշակային համակարգին պետբյուջեից փոխանցել է 674,2 մլն դրամ։ Սա նշանակում է, որ մինչև ապրիլի 14-ը գործատուները փոխանցել են գրեթե նույնքան գումար։

Հաշվի առնելով, որ տարեկան կտրվածքով կուտակային կենսաթոշակներին պետբյուջեից պետք է ուղղվի 20,7 մլրդ դրամ, ամսական կտրվածքով գործատուները միջինում պետք է փոխանցած լինեին առնվազն 1,7 մլրդ դրամ։ Ապրիլի 14-ի դրությամբ պարտադիր կենսաթոշակային համակարգին գործատուների կողմից պետք է փոխանցված լիներ 3,4 մլրդ դրամ, այնինչ փոխանցվել է հինգ անգամ պակաս գումար։

Եթե հաշվի առնենք նաև, որ կուտակային համակարգին փոխանցված գումարների զգալի մի մասը բաժին է ընկնում պետական համակարգում աշխատողներին, ապա մասնավոր հատվածը չի շտապում իրականացնել օրենքով սահմանված իր պարտականությունները։

Պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը ծանրանալու է վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության վրա՝ համակարգի նկատմամբ քաղաքացիների համատարած անվստահության պայմաններում։