Բանտում գտնվող ադրբեջանցի հայտնի լրագրողը հացադուլ է սկսել

Ապրիլի 15-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հետաքննչական մեկուսարանում գտնվող «Բիզիմ յոլ» թերթի լրագրող Փարվիզ Հաշիմլին հացադուլ է սկսել, հաղորդում է ադրբեջանական contact.az-ը:

Հաշիմլին այս մասին տեղեկացրել է իր փաստաբանի միջոցով: Լրագրողը իր փաստաբանին տեղեկացրել է, որ ապրիլի 14-ին դատարանում իր ելութի ժամանակ, երբ բողոքել է իրեն պահելու պայմաններից և իրեն ծեծելուց, իր նկատմամբ կրկին ճնշում է գործադրվել: Մասնավորապես՝ Հաշիմլիին սպառնացել են պահել պատժախցում:

Հաշիմլին մեկ շաբաթ առաջ պահանջել է իրեն իր հարազատների հետ հանդիպելու կամ հեռախոսազրույցի հնարավորություն տալ, սակայն որևէ պատասխան չի ստացել:

Ապրիլի 15-ի առավոտյան նա կրկին պահանջել է իրեն ընձեռել այդ հնարավորությունը և հացադուլ է հայտարարել՝ մինչև իրեն թույլ տան հանդիպել իր հարազատների հետ:

Փաստաբանի խոսքով՝ լրագրողի ինքնազգացողությունը վատ է եղել: Բացի այդ՝ նրա ատամը ցավում է և ունի պլոմբավորման կարիք, մինչդեռ մեկուսարանի ղեկավարությունը նշում է, որ մեկուսարանում ատամները միայն հեռացնում են և բուժել չեն կարող:

Լրագրողը, որը գլխավորում է «Քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանության կենտրոնը», անդամակցում է նաև «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցությանը: Նա ձերբակալվել է 2013թ. սեպտեմբերի 17-ին՝ մաքսանենգության և անօրինական զենքի պահման մեղադրանքով:

Սեպտեմբերին դատարանը մերժել է նաև նրա խափանման միջոց ընտրված կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին միջնորդությունը:

Նրա խոշտանգումների հարցով միջազգային Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը ուղերձ է հղել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարին, գլխավոր դատախազին և մարդու իրավունքների պաշտպանին:

Մեկնաբանել